Լեւոն Արոնյանը խաղաղ դաշն կնքեց
Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը հերթական կես միավորը կորցրեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: Այսօր կայացած 10-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով մրցեց բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ: Լեւոն Արոնյանը հենց սկզբից անցավ գրոհի եւ փորձեց դիրքային առավելություն ստանալ, սակայն փորձառու մրցակիցն այնպիսի ամուր պաշտպանություն կառուցեց, որ անհնար էր ճեղքել այն: Գնահատելով իրավիճակը՝ մեր գրոսմայստերը 45-րդ քայլից հետո խաղաղ դաշն կնքեց: Լեւոն Արոնյանը վաստակեց 5,5 միավոր եւ շարունակում է հետապնդել առաջատար Վիշվանաթան Անանդին, որն այսօր ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ եւ պահպանեց մեկ միավորի առավելությունը: Վաղը տեղի ունեցող 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Պյոտր Սվիդլերի հետ, ով այս տուրում հաղթեց Վլադիմիր Կրամնիկին եւ վաստակեց 5 միավոր: