Լեւոն Արոնյանը հաղթեց Կարյակինին
Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը երրորդ հաղթանակը տարավ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում եւ վաստակած միավորներով հավասարվեց առաջատարին: Այսօր կայացած 7-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Լեւոն Արոնյանը հենց սկզբից տիրեց նախաձեռնությանը եւ մրցակցին թելադրեց իր կամքը: Սերգեյ Կարյակինը փորձեց հակագրոհ ձեռնարկել, սակայն` ապարդյուն: 50-րդ քայլին, երբ կողմերը փոխանակեցին թագուհիները, Լեւոն Արոնյանն արդեն 4 զինվորի առավելություն ուներ: Ռուս շախմատիստը ընդամենը երեք քայլ կատարեց եւ ընդունեց պարտությունը: Այդ հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը վաստակեց 4,5 միավոր եւ հավասարվեց մրցաշարի առաջատար Վիշվանաթան Անանդին, որն այս տուրում մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ: Վաղը նախատեսված 8-րդ տուրում իրար հետ կհանդիպեն հենց առաջատարները: Լեւոն Արոնյանը հանդես կգա սպիտակ խաղաքարերով: