Օլգա Հակոբյանը նվեր կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին
Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայաստանի ժողովրդական վարպետ, ՌԴ արվեստի պալատի անդամ Օլգա Հակոբյանի «Գարնանային հավաքածու» խորագրով ուլունքագործության աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց միջազգային օրվա և մայրության ու գեղեցկության տոներին: Ցուցահանդեսին ներկայացված շուրջ 200 աշխատանքներում ներառված են «ԱՆԿԱՌՍ»-ՖՐԻՎՈԼՏԵ կոչվող հյուսվածքաձև տեխնիկայի միջոցով թելերով և ուլունքներով հյուսված վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, գլխարկներ և այլ ցուցանմուշներ: Ներկայացված են աշխատանքներ՝ թանկարժեք և ոչ թանկարժեք քարերից, ինչպես նաև ասեղնագործություններ: Օլգա Պավլովնան իր աշխատանքներից առանձնացնում է Հիսուսի և Մարիամ Աստվածածնի պատկերներով ասեղնագործությունները, նախատեսում է ասեղնագործել նաև հայոց այբուբենը և նվիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Օլգա Պալվլովնան արդեն երկար տարիներ զբաղվում է այս աշխատանքով, չնայած ունի այլ մասնագիտություն՝ ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի գրադարանի վարիչն է: Դպրոցի իր գործընկերները ևս հպարտանում են Օլգա Պավլովնայի տաղանդով: «Մենք գտնում ենք որ նրա կոչումը ոչ թե դպրոցն ու գրադարանն է, այլ այս շքեղ, հարուստ հավաքածուները, որ մենք հիմա տեսնում ենք»,- նշում են նրա գործընկերները: Օլգա Հակոբյանը ծնվել և մեծացել է Թբիլիսիում: Սա Երևանում նրա առաջին ցուցադրությունը չէ, և հեղինակի կարծիքով՝ վերջինն էլ չի լինի: Ցուցահանդեսներ է ունեցել նաև Ռուսաստանում, Վրաստանում և մի շարք այլ Եվրոպական երկրներում: