Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խաղալու ենք միայն հաղթանակի համար»

Սպորտ
6d7ad2d0a77e5ac5ef5d061d44973af0

«Ճիշտ է, Ֆրանսիայի հավաքականը համարվում է խմբի ֆավորիտը, բայց ոչ միշտ են հաղթում ֆավորիտները: Այնպես որ, մենք շատ վճռական ենք տրամադրված: Հուսով եմ, որ վաղը կգրանցենք դրական արդյունք:

Մեզ համար շատ կարեւոր է երեք միավորը, ուստի խաղալու ենք միայն հաղթանակի համար», - այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

Նշենք, որ մեր երիտասարդական ընտրանին վաղը Եվրոպայի 2015 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում «Հրազդան» ստադիոնում կհանդիպի Ֆրանսիայի այդ տարիքային թիմի հետ:

«Փառք Աստծուն, մինչեւ այս պահը ոչ մի վնասվածք չունենք եւ հույս ունենք, որ չի լինի նաեւ այսօրվա վերջին մարզմանը: Ֆուտբոլիստները լրիվ պատրաստ են խաղին: Հոգեբանական խնդիրներ չկան, քանի որ հզոր թիմերի դեմ շատ բարձր է խաղացողների մոտիվացիան: Մեր համար դժվար կլինի, երբ որ զիջենք նախաձեռնությունը: Սակայն մենք մտադիր չենք գնդակը տալ մրցակցին»:

«Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին՝ արդյո՞ք հանդիպման ուշ ժամը (այն կսկսի 21:00-ին) կարող է անդրադառնալ ֆուտբոլիստների խաղի վրա, Ռաֆայել Նազարյանը պատասխանեց. «Չգիտեմ: Վաղուց չենք խաղացել նման ուշ ժամի: Բայց դժվար է: Իմ համար նույնպես անսովոր է ուշ ժամին խաղալը»:

Թիմի գլխավոր մարզիչն ասաց, որ արդեն կողմնորոշվել է մեկնարկային կազմի հարցում, սակայն նշեց միայն դարպասապահ Արդեն Բեգլարյանի անունը: Մյուսների անունները հայտնի կդառնան խաղից առաջ: