Մխիթար Հայրապետյանն ընդունել է ԱՄԷ ԱԳ նախարարի տեղակալին
Աջակցիր «Ա1+»-ին«Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարարի՝ առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Շարաֆի հետ։
Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականությունն ու զարգացման առաջնահերթությունները՝ հատուկ շեշտադրելով միջազգային գործընկերների հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ՝ անդրադառնալով պետական քաղաքականությունների ձևավորման և ռազմավարական ծրագրերի համադրման հնարավորություններին։
Քննարկման առանցքային թեմաներից էր «խելացի քաղաքների» զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները։ Օմրան Շարաֆը ներկայացրել է ԱՄԷ-ում կիրառվող մոտեցումները՝ նշելով, որ սմարթ լուծումների ներդրումն իրականացվում է թե՛ դաշնային, թե՛ տեղական կառավարման մակարդակներում՝ պայմանավորված տվյալ քաղաքների զարգացման կարողություններով։
Անդրադարձ է կատարվել նաև թվային ենթակառուցվածքների, մասնավորապես՝ տվյալների կենտրոնների զարգացմանն ու դրանց արդյունավետ կիրառմանը։ Այս համատեքստում ընդգծվել է նորարարական տեխնոլոգիաների, ներառյալ՝ ինքնավար համակարգերի և առաջադեմ թվային լուծումների լայն կիրառումը։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ձևավորված գործընկերության հիմքի վրա երկխոսության շարունակականության ապահովումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կապերի հետագա խորացումը։