Այսօր կնշվի լեռնագնացների օրը
Ամեն տարի մի շարք երկրներ նշում են իրենց լեռների և լեռնագնացների օրը, կան նաև լեռնագնացությանը նվիրված միջազգային օրեր:
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան ԱՄՆ-ի, Բեյրութի և այլ երկրների հայ լեռնագնացների հետ համատեղ՝ որոշել է ամեն տարի հոկտեմբերի 9-ը նշել որպես Հայաստանի լեռների և լեռնագնացների օր: Ինչո՞ւ է ընտրվել հոկտեմբերի 9-ը:
Շատերը տեղյակ են, որ 1829-ի հոկտեմբերի 9-ին (հին տոմարով` սեպտեմբերի 27-ին) Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ.Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ բարձրացել է Արարատ լեռան գագաթը:
Հոկտեմբերի 9-ը Հայաստանի լեռների և լեռնագնացների օր սահմանելու նպատակով Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
Այսպիսով, ամեն տարի այս տոնը նշելու համար կանցկացվեն մի շարք միջոցառումներ, մեզ կմիանան տարբեր երկրներում ապրող հայ լեռնագնացները: