Միակ անպարտելին Կարեն Գրիգորյանն է
Երեւանում շարունակվում է Հայաստանի շախմատի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը, որին մասնակցում են 14 շախմատիստ:
Արդեն կայացած 8 տուրից հետո մրցաշարը 6,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: Նրան հաջորդում է 18-ամյա գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որն ունի 6 միավոր: Նա միակ մասնակիցն է, որ չի ճաշակել պարտության դառնությունը (4 հաղթանակ, 4` ոչ-ոքի):
Առաջատարներին հետապնդող Հովհաննես Գաբուզյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Հովիկ Հայրապետյանը վաստակել են 5-ական միավոր: Հենց այս հինգ շախմատիստները հիմնականում կպայքարեն 2014 թ բարձրագույն խմբի առաջնության 3 ուղեգրերի համար, քանի որ մնացած մասնակիցներն արդեն բավականին ետ են մնում նրանցից:
Այսօր տեղի կունենան 9-րդ տուրի պարտիաները: Դրանցից սկզբունքային նշանակություն ունի Հովիկ Հայրապետյան - Տիգրան Քոթանջյան մրցախաղը: