ՀԱՕԿ-ը կնշի Գրիգոր Մկրտչյանի հիշատակը
Հայաստանում ՌԴ դեսպանատան եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա տափօղակով հոկեյի հանդիպում` «Հոկեյի լեգենդներ» եւ «Գրադ» ռուսական թիմերի միջեւ: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մասնակիցները Մոսկվայից Երեւան են ժամանելու սեպտեմբերի 18-ին: Հաջորդ օրը ռուսական հոկեյի լեգենդները կհանդիպեն լրագրողների հետ, իսկ ժամը 18:30-ին կպարզեն հարաբերությունները «Գրադի» հոկեյիստների հետ:
«Հոկեյի լեգենդներ» հոկեյի ակումբը հիմնադրվել է 2005 թվականին: Նրանում ընդգրկված հոկեյիստները, որոնք ընդհանուր առմամբ նվաճել են 67 աշխարհի եւ 21 օլիմպիական ոսկե մեդալներ, ամեն երկուշաբթի մարզում են անցկացնում Մոսկվայի Լեֆորտովոյի սառցադաշտում, որտեղ իր խաղերն է անցկացնում նաեւ «Գրադ» թիմը:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը, Երեւանում նախատեսված հանդիպումը նվիրված է ձմեռային օլիմպիական խաղերում հայազգի առաջին չեմպիոն, հոկեյի լեգենդար դարպասապահ Գրիգոր Մկրտչի Մկրտչյանի հիշատակին: