Հայտնի են «Ընթերցման օլիմպիադա» 2013-ի հաղթողները (տեսանյութ)
Այսօր Գրողների Միությունում անցկացվեց «Ընթերցման օլիմպիադայի» եզրափակիչ փուլը, որին մասնակցող 25 դպրոցակններից, հաղթող ճանաչվեցին 3-ը:
«Ընթերցման օլիմպիադայի» երրորդ տեղում հաղթող ճանաչվեց Ալեն Սարգսյանը, երկրորդ տեղում` Սաթենիկ Միրաքյանը, իսկ առաջին տեղում 2013-ի լավագույն ընթերցող ճանաչվեց Մարինե Նավասարդյանը:
Մինչ հաղթողներին մրցանակներ շնորհելը` դպրոցականները գեղարվեստական դասագրքերից կարդում էին փոքրիկ հատվածներ, իսկ ժյուրին գնահատում էր նրանց ընթերցանությունը` ըստ որոշված չափանիշների:
Օլիմպիադայի բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր, իսկ հաղթողներին մրցանակներ հանձնեց ՀՀ Կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«21-րդ դարում շատ է խոսվում, որ գիրքը մահանում է, գիրքը կորցնում է իր դերը, զիջում է, եւ իրականում այդ հոռետեսական կանխատեսումների մեջ միգուցե մի փոքր ճշմարտություն լիներ, եթե չլինեին հարյուր միլիոնավոր մարդիկ, որոնք առ այսօր իրենց ձեռքին, օրվա ընթացքում ընթերցում են գիրք»,-ասաց Աշոտյանը:
Կրթության նախարարը նշեց, որ ինքը չի թերագնահատում ոչ մի տեխնոլոգիական առաջընթացից ծնված որեւէ նոր հնարավորություն ընթերցելու համար, բայց խոստովանում է, որ «գրքով կարդացածը ուրիշ է»:
«Ես ուզում եմ նշել, որ կարծես թե ամփոփելով գրքի տարին, գրքահոտ տարին, մենք իսկապես ունենք հրաշալի արդյունքներ թեկուզ այն առումով, որ երիտասարդների, պատանիների մեջ որոշակի գիտակցություն եւ սեր է առաջացել դեպի Նորին մեծություն գիրքը»,-ասաց օլիմպիադայի եզրափակմանը ներկա` ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: