Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատային խճանկար

Սպորտ
5cbc5c44d3a063477af868961f825262

Դուբայյում անցկացվող օփեն շախմատի միջազգային մրցաշարում մեր շախմատիստները առայժմ հետապնդողի դերում են:

Երեկ կայացած 6-րդ եւ 7-րդ տուրերում գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց համապատասխանաբար ռուսաստանցի Ալեքսանդր Ռախմանովի եւ ուկրաինացի Յուրի Կուզուբովի հետ: Նա վաստակեց 5,5 միավոր եւ զբաղեցնում է 7-րդ տեղը: Մեր շախմատիստը 6 առաջատարներից ետ է մնում կես միավորով:

Հայաստանի հավաքականի մյուս անդամ Գաբրիել Սարգսյանը պարտվեց չինուհի Յու Վենյուին, ապա խաղաղ դաշն կնքեց հնդիկ գրոսմայստեր Բաբու Լալիթի հետ: Նա 5 միավորով ընթանում է 16-րդ հորիզոնականում:

Հայաստանի այս տարվա չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը 6-րդ տուրում զիջեց սլովակցի Պետեր Միխալիկին, իսկ 7-րդում հաղթեց Անգլիան ներկայացնող շախմատիստուհի Յովանկա Հուշկային: Մեր շախմատիստը նույնպես վաստակել է 5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 19-րդ տեղը:

Մրցանակային տեղ զբաղեցնելու համար մերոնք վերջին երկու տուրերում պետք է ռիսկի դիմեն եւ խաղան միմիայն հաղթանակի համար:

Հայաստանի շախմատիստուհի Եվգենյա Դոլուխանովան հաղթանակով սկսեց ելույթները Ֆրանսիայի Լիլ քաղաքում մեկնարկած ԼՈՒԿՈՊԵՆ անվանումը կրող շախմատի մրջազգային մրցաշարում: Առաջին տուրում նա սեւերով հաղթեց ֆրանսիացի Ադրին Ռոդրիգեսին:

Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից, գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը, առաջին պարտիայում միավոր կիսեց թուրք Դեմրե Կորիգանի հետ:

Մրցաշարը անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: