Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

272 ՀԱԶԱՐ ՖՐԱՆԿ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՆ

Սպորտ

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայում տեղի ունեցավ ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի նիստ` ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում քննարկվեց ՈՒԵՖԱ-ի կողմից հատկացվող համերաշխության վճարների` 272 հազար շվեյցարական ֆրանկի բաշխման հարցը:

Միաձայն որոշվեց Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող 8 ակումբներից յուրաքանչյուրին հատկացնել 17 հազար շվեյցարական ֆրանկ, իսկ առաջին խմբում հանդես եկող այն տասը թիմերին, որոնք դուստր թիմեր չեն, յուրաքանչյուրին հատկացնել 13 հազար 600 շվեյցարական ֆրանկ:

Հայկական որոշ ակումբներ ներկայումս ֆինանսական ծանր վիճակում են, ուստի այս գումարները թիմերին ինչ-որ չափով կօգնեն դուրս գալ ճգնաժամից:

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր կոմիտեն` առանց առարկությունների, հաստատեց նաեւ Հայաստանի Ազգային հավաքականի նորանշանակ մարզիչներին: Գործադիր կոմիտեի անդամներին առաջարկվեց ներկայացնել առաջարկություններ` Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի գլխավորությամբ մարզչական խորհրդի պարտականությունների եւ լիազորությունների, գործունեության ծրագրերի մասին: