ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԳՏՆՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը կրկին պարտություն կրեց այն էլ սեփական հարկի տակ։ 1-ին ընտրական խմբում ընդգրկված հայ ֆուտբոլիստները մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ չկարողացան գոնե մեկ միավոր վաստակել եւ պարտվեցին 0:2 հաշվով։
Խաղասկզբում Հայաստանի հավաքականը վատ տպավորություն չթողեց, սակայն մեր թիմի գրոհները այնքան էլ վտանգավոր չէին, եւ ֆինները հաջող էին պաշտպանվում ու փորձում էին արագ հակագրոհներ կազմակերպել։
Հանդիպման 25-րդ րոպեին ֆինների հարձակվող Միքայել Ֆորսելը հեռահար հարվածով բացեց խաղի հաշիվը եւ հյուրերը հաշվի մեջ առաջ անցան:
Գոլից հետո էլ Ֆինլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները շարունակում էին գրոհել: Մինչեւ ընդմիջում գնալը Հայաստանի հավաքականը այս խաղում ստեղծեց դարպասը գրավելու ամենառեալ գոլային պահը. Ալբերտ Սարգսյանը խաղարկելով անկյունայինը` գնդակը ուղարկեց ֆինների տուգանային հրապարակ, որտեղ Արթուր Պետրոսյանը գլխով հարված կատարեց, բայց ֆինների դարպասապահը հաջող խաղաց:
2-րդ կեսում հայ ֆուտբոլիստները փորձում էին ամեն կերպ հավասարեցնել հաշիվը, բայց ոչինչ չէր ստացվում: Իսկ 69-րդ րոպեին մեր ֆուտբոլիստները փորձեցին արհեստական խաղից դուրս իրավիճակ ստեղծել, որի արդյունքում Ալեքսեյ Երոմենկոն ստանալով գնդակը նետվեց առաջ եւ մեն-մենակ մնալով Արման Համբարձումյանի հետ կրկնապատկեց խաղի հաշիվը:
Ֆինլանդիան հաղթեց 2:0 հաշվով եւ տոնեց իր 2-րդ հաղթանակը: Իսկ Հայաստանի հավաքականը 2-րդ անընդմեջ պարտություն է կրում. սեփական դարպասը ընդունելով 5 գնդակ մեր ֆուտբոլիւստները դեռ ոչ մի գոլ չեն խփել:
Ընտրական 1-ին խմբում Հոլանդիան 2 անպատասխան գնդակ ուղարկեց չեխերի դարպասը, իսկ Ռումինիան 5:1 հաշվով հաղթեց Անդորրային: