Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էքսպրոմտ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան առիթով

Հասարակություն
626e107a072032928df8838296861e65

Գրական աշխարհում չափազանց սկանդալային, նորարար ձևերի և մետաֆորների վարպետ, բանաստեղծ Արտեմ Հարությունյանի Ամանորն ու Սուրբ Ծնունդն էլ է յուրահատուկ` բնորոշ միայն իրեն:

Թե՞ նրա համար մոդեռնը սկսում ու ավարտվում է միայն պոեզիայի սահմաններում: «Փորձում եմ հարազատներիս հետ լինել, որովհետև այդ օրերին առավել մենություն ես զգում, զգում ես, թե ժամանակի հոսքն ինչքան արագ է: Իսկ քո սիրելի էակների հետ ժամանակը չես զգում, նրա ավերիչ ուժը չես տեսնում: Ընդհակառակը` ուրախությունն ես տեսնում»,- արձագանքում է հարցիս ի պատասխան:

Իսկ պոետի ամանորյա սեղանն ինչպիսի՞ն պիտի լինի։
Արտեմ Հարությունյանի համար սեղանը նույնպես կարևոր է.«Որովհետև խոհանոցը մարդու գաղտնի, բայց մխիթարող էական մասն է. լավ պատրաստված ապուխտը` սխտորները խրած ազդրերի մեջ: Այդ ամենը կենաց ծառի մի մասն են` Նոր Տարվա լուսարձակներն ու ազդակները»:

Իսկ Սուրբ Ծնունդը, պոետը համոզված է, մարդկության մեծագույն հայտնագործությունն է: Որովհետև ավելի մեծ մխիթարանք անմխիթար մարդու համար առայժմ մարդկությունը չի ստեղծել: «Քրիստոսի մուտքը աշխարհ փոխեց ամբողջ եվրոպական և համաշխարհային արվեստը` հոգու պատմություն դարձնելով յուրաքանչյուր մեծ ստեղծագործություն»,-ասում է «Հուդայի արձակուրդը» գրքի հեղինակը:
Սուրբ Ծնունդը ևս նշում է հարազատների հետ, որովհետև «նրանք երբեք չդավաճանող ուժեր են»: «Աղոթում եմ: Պոեզիան ևս աղոթք է` բայց մի քիչ օտարացած աշխարհից: Քրիստոսն աղոթում էր և աշխարհի հետ էր: Նա անգամ իր կողքի հանցագործներից չօտարացավ, չարհամարհեց նրանց` որ շտկեր: Պոեզիան այն ուժն է, որ մեզ շտկում է և մոտեցնում Աստծո լույսին` մարդկայնացնում: Իսկ հարազատներս կարևոր են` մանավանդ թոռնիկներս, որովհետև նրանք մեծ ուժ են և մարդկային են մեզ դարձնում նորից ու նորից` չկտրելով մեզ մանկությունից»:

Խնդրեցինք ոտքի վրա մի էքսպրոմտ ձոնել առաջիկա տոներին` իրար համադրելով խորհուրդները: Եվ Արտեմ Հարությունյանի վերջին անտիպ բանաստեղծությունն սա է.

«Նոր տարին հույսերի մեծ ոլորան է
մի մեծ շրջապտույտ
որի մեջ մենք նորից գտնում ենք մեզ, ճանաչում
եվ սայլը ճռռոցով գնում է սարն ի վեր
դեպի Աստծո մաքուր լույսը...» ։