Անտեսված կերպարվեստ (տեսանյութ)
Ընդամենը 8 հազար դրամ: Այս գումարը գեղանկարիչ Գևորգ Սարգսյանը ստացավ իր աշխատանքներից մեկի դիմաց, որը ստեղծելու համար օրեր էր ծախսել: Նկարիչը հավատացնում է ,որ գնորդների հետ երբեք չի սակարկում, քանի որ նկարները հազվադեպ են վաճառվում. «Հիմնականում գինը իրենք են առաջարկում, ասում են իրենց ունեցած գումարի չափը և հարցնում արդյոք այդ գումարին ինչ որ բան կարող են գնել»:
Սարյանի արձանի հարակից Վերնիսաժում իր աշխատանքները վաճառող Մեսրոպ Դանիելյանն ասում է, որ սրտի բոլոր թելերով է կապված նկարչությանը:
Իր գործերից բաժանվում է մեծ դժվարությամբ , սակայն այլ ելք չունի: Օրվա հացը վաստակելու համար արդեն քանի տարի պահակություն է անում. « Պահակություն արեցի կարիքից դրդված,ընտանիք ունեմ ու հոգսերը քիչ ժամանակ են թողնում ստեղծագործելու համար»:
Վերնիսաժում նկարիչները ոչ միայն օրվա հացն են փորձում վաստակել, այլև հավաքվում են իրար հետ շփվելու համար:
Գեղանկարիչ Գալուստ Դարբինյանն ասում է, որ , իր նկարների հիմնական մասը դուրս է գնում, գնորդների 80 տոկոսն էլ արտասահմանցիներ են։
Իրենց աշխատանքները նրանք այստեղ ցուցադրում են տարվա բոլոր եղանակներին, ասում են, որ դրանք վաճառելու հնարավորությունը շատ փոքր է:
Նրանք ասում են,որ իրենց հաճախ այցելում են բարձրաստիճան պաշտոնյաներ, իրենց հյուրերի հետ, սակայն ոչ թե նրանց հոգսերին ծանոթանալու, այլ պարզապես բացօթյա ցուցահանդեսը դիտելու, ինչ որ տեղ նաև հպարտանալու համար:
Գեղանկարիչ Ալեք Ալեքյանը դա այսպես է դիտարկում. «Ասում են՝ ուրախ ենք, որ այս ձևի նկարիչներ ունենք, մեր նկարիչները ամենալավն են տարածաշրջանում և այլն, բայց սրանք միայն խոսքեր են... Ամենաանտեսված մասը Հայաստանի դա կերպարվեստն է»: