Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիսաքայլ. «Ունիսոնի» գնահատականը (տեսանյութ)

Հասարակություն
c306412c4adb5c89dc1b3777716b37f4

«Ունիսոն» հկ Մեղրու մասնաճյուղի ղեկավար Ապավեն Բեգլարյանն արդեն 8 տարի է հաշմանդամություն ունի։ Նա չի կարողանում քայլել։ Ասում է՝ գործատուները շատ դեպքերում աշխատանք չեն տալիս հաշմանդամություն ունեցող անձանց, քանի որ տեղյակ չեն, որ այդ դեպքում հաշմանդամ աշխատողի աշխատավարձի կեսը տալիս է պետությունը։

«Բացի ծանր աշխատանքից, մենք ամեն տեսակի աշխատանք էլ կարող ենք անել, օրինակ՝ համակարգչային օպերատոր, գրասենյակային աշխատող»,- ասաց Ապավենը։

8 տարվա ընթացքում Ապավենը ընդամենը չնչին տեղաշարժեր է նկատել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու գործում։

«Երևանում որոշ չափով աշխատանքներ տարվում են, բայց մարզերում պայմանները շատ անմատչելի են։ Խոսքը ոչ միայն շինությունների, այլև տրանսպորտի մասին է»,- ասաց «Ունիսոն» հկ Մեղրու մասնաճյուղի ղեկավարը։

Հայաստանում այսօր գրանցված է 18500 հաշմանդանություն ունեցող անձ, որոնց ընդամենը 8 տոկոսն է ապահովված աշխատանքով։

«Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու»՝ սա քարոզարշավ է, որն իրականացնում է «Save the children » կազմակերպությունն իր LIFE ծրագրով։ Նպատակը՝ զբաղվածության խթանման միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավումն է։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 2015թ.-ն եւ աշխատանքով ապահով 400 հաշմանդամի։ Այս տարի աշխատանքով արդեն ապահովվել է 60 հաշմանդամ։


Հաշմանդամության ոլորտը կարգավորող օրենքում մտցվել են աշխատանքային քվոտաների մեխանիզմներ։ Սա գործելու է 2013թվականից։ «Ունիսոն» հկ նախագահ Արմեն Ալավերդյանը պետության կողմից սա որակում է որպես կիսաքայլ։

«Ասում եմ՝ կիսաքայլ, քանի որ այն դեռևս օրենքի ուժ չի ստացել։ Եթե աշխատանքային այդ քվոտաները իսկապես աշխատեն, ապա այն կխրախուսի գործատուներին՝ լինել ավելի ակտիվ և աստիճանաբար կլուծի զբաղվածության հարցը»,- ասաց Արմեն Ալավերդյանը։

«Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» քարոզարշավը, որն իրականացվել է նոյեմբեր ամսին, եզրափակվեց այսօր ֆոտոցուցահանդեսով։ Ներկայացված լուսանկարներում պատկերված է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային և ստեղծագործական ներուժը։