A
A
ԳԴՀ դեսպանատուն. էմբարգոն ամբողջովին վերացված չէ
«Ա1+»-ն արդեն տեղեկացրել է, որ Գերմանիայի Լուֆթհանզա ավիաընկերությունը առանց էական բացատրության նոյեմբերի17-ին արգելանք էր դրել Հայաստան ներկրվող ցանկացած տիպի բեռների վրա։ Չնայած «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան Քաղավիացիայի վարչությունից տեղեկացրել էին, որ նոյեմբերի 27-ից ընկերութունը վերացրել է Հայաստանին վերաբերող սամանափակումները, բայց Լուֆթհանզա Կարգոյի երեւանյան գրասենյակի պատասխանատու Մհեր Հովհաննիսյանն այսօր մեզ տեղեկացրեց, որ առայժ Հայաստան Լուֆթհանզայի միջոցով բեռ չի մտել։
«Միտում կա, որ սահմանափակումները կվերացվեն։ Սպասում ենք, որ այսօր ուշ երեկոյան Վիեննայից Երեւան կժամանի բեռների առաջին խմբաքանակը՝ մոտ 200 կիլոգրամ բեռ», - նշեց պարոն Հովհաննիսյանը: Նշենք, որ սահմանափակումների ներդրումից առաջ Լուֆթհանզայի յուրաքանչյուր չվերթով Հայաստան էր մտնում շուրջ 1,5 տոննա բեռ:
«Ա1+»-ը փորձեց Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից պարզաբանում ստանալ ԳԴՀ ազգային ավիափոխադրողի նշված որոշման պատճառների վերաբերյալ: Ստացված պատասխանում դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայում ողջ աշխարհում Լուֆթհանզան տրանսպորտային սահմանափակումներ են կիրառում 14 երկրների համար։
«Լուֆթհանզան բեռնափոխադրումներ իրականացնելիս միջազգային իրավական նորմերի պահպանումն առաջնային է համարում։ Դա ապահովելու համար Լուֆթհանզայի Կարգո համակարգում գործում են մի շարք սահմանափակումներ։ Այս սահմանափակումները մշտապես վերանայվում են եւ համապատասխանեցվում քաղաքական եւ իրավական զարգացումներին: Վերջին ուսումնասիրություններից մեկի արդյունքում պարզվել է, որ դեպի որոշ երկրներ առաքումների ժամանակ առկա է ռիսկ, որ չեն կատարվի ընդունված իրավական պահանջները։ Այս ռիսկը բացառելու նպատակով Լուֆթհանզա Կարգոն անցյալ շաբաթ որոշել է դադարեցնել բեռնափոխադրումները դեպի Հայաստան, Ադրբեջան, Էրիթրեա, Իրաք, Սուդան եւ Բելառուս։ Այս որոշումը, որը հաճախորդների համար էական սահմանափակումներ է առաջացրել, Լուֆթհանզան հեշտությամբ չի կայացրել», - նշվում է դեսպանության պատասխանի մեջ։
Դեսպանությունը հաստատում է, որ Լուֆթհանզան նոյեմբերի 27-ին վերանայել է արգելանքի վերաբերյալ իր որոշումը, սակայն «առայժմ պետք է հաշվի առնել որոշակի իրավական սահմանափակումներ»։
«Լուֆթհանզան ներողություն է խնդրում այս միջոցառումների արդյունքում ծագած անհարմարությունների համար եւ շարունակում է աշխատել
դեպի նշված երկրներ նաեւ այլ պայմաններով բեռնափոխադրումներ իրականացնելու ուղղությամբ», - ասվում է Հայաստանում ԳԴՀ դեսպանության՝ «Ա1+»-ին ուղղված հաղորդագրության մեջ։