Բարերարները գնացել էին մանկատուն
Վանաձորի մանկատունը, որը հիմնադրվել է 1997թ-ի հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության թիվ 458 որոշմամբ, սկզբում նախատեսված է եղել շուրջ 50 երեխաների համար, իսկ 1998թ-ից այդ թիվն աճել է:
Ամերիկահայ բարերարներ Պերճ և Թերի Մինասյանների աջակցությամբ հիմնված մանկատունը այսօր էլ նրանց ընտանիքի բարեգործության պտուղներն է վայելում:
Մինասյանների ընտանիքը այն բարեգործներից է, որ մանկատան երեխաների կենցաղում մեծ փոփոխություններ մտցրեց:
Նրանց ֆինանսական աջակցությամբ կառուցվել է մանկատան լվացքատունը, տրամադրվել է որոշակի գույք։
Այսօր էլ բարեգործական նախաձեռնությունները այս ընտանիքի կողմից շարունակվում են, նոյեմբերի 27-ին մանատան հյուրերն էին Մինասյան ընտանիքի հարսը՝ Մարինա Մինասյանը և նրա երկու զավակները՝ Քայլը և Լուկասը:
Ընտանիքի բարի գործը շարունակող Մարինա Մինասյանը նախօրոք անհրաժեշտ իրեր էր ուղարկել մանկատուն՝ հագուստներ, կենցաղային տարաբնույթ իրեր:
Բարերարները հանդիպեցին մանկատան սաներին: Մարինայի զավակները առաջին անգամ էին լինում մանկատանը, նրանք համատեղ ունկնդրեցին սաների պատրաստած գեղարվեստական հատվածը՝ երգ, պար, հետաքրքիր երաժշտական համարներ:
Այնուհետ փոքրիկ բարերարները իրենց ձեռքով քաղցրավենիք բաժանեցին մանկատան սաներին:
Վերջում Մարինա Մինասյանը նշեց, որ բարին արարելու վեհ գաղափարը եղել և մնում է իրենց կյանքի գործունեության կարևոր առաքելություններից մեկը: