Երկրպագուները անջատվեցին
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ» (FAF) ֆան ակումբի անդամների մի մասը անջատվել են եւ ստեղծել են իրենց ակումբը` FAF Ultras անվանումով:
Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ, որում բացատրվում է «Հայկական առաջին ճակատից» առանձնանալու եւ նոր ակումբ ստեղծելու պատճառները: Ահա մի հատված դրանից.
«Հիմնական պատճառը եղել է վերջին ժամանակներում ՖԱՖ-ի որդեգրած քաղաքականության հետ խորքային անհամաձայնությունը եւ տրամագծորեն հակառակ պատկերացումները ՖԱՖ-ի հետագա զարգացման ուղու վերաբերյալ: Մեր կարծիքով սխալ քաղաքականության արդյունքն այն էր, որ ՖԱՖ-ում սնկի պես սկսեցին աճել այնպիսի մարդկանց քանակը, որոնք անդամագրվում էին բացառապես անվճար տոմսի (այն տրամադրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան - խմբ.), տարբեր հաղորդումներին մասնակցելով հեռուստաէկրաններին երեւալու, արտերկիր գնալու հնարավոր արտոնություններից օգտվելու, տարբեր շփումներ, ծանոթություններ ձեռք բերելու, տիրող գլամուրային (բարձրաշխարհիկ) բարքերի անբաժան մասնակիցը լինելու համար:
Հաշվի առնելով մեր իսկ ներդրումը ֆան ակումբի կայացման գործում, ինչպես նաեւ ելնելով կոռեկտությունից, զերծ ենք մնում այլ մանրամասներ հրապարակելուց: Ի գիտություն բոլոր երկրպագուների, ՖԱՖ-Ուլտրասը համագործակցելու է RED EAGLES ֆան ակումբի հետ եւ երկրպագելու է հարավային տրիբունայից»:
Ֆուտբոլային երկրպագուների բաժանումը տրամաբանական է, քանի որ Հայաստանում նույն գործընթացն է ապրում նաեւ մեր հասարակությունը եւ հայ ժողովուրդը: