Ո՞վ ում խաղի կանոններով է խաղում
ՀՀ ազգային հերոս, Ղարաբաղյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի մարտական ընկերներն այսօր լրագրողների հետ հանդիպմանն էին եկել հերոսի սիրելի խմորեղենով եւ կոնյակով: Վաղը` նոյեմբերի 25-ին, կլրանար Մոնթեի 55 ամյակը:
Ինչպես ընկերներն էին պատմում` նա առանձնապես չէր սիրում հիշել, նշել իր տարեդարձը. դա անում էին նրա ընկերները:
«Ոնց նրա խոսքն էր, այնպես էլ նրա միտքն ու գործն էին»,- ասում է մտերիմ ընկեր եւ զինակից Վահե Տեր-Շահմուրադյանը:
Մարտական ընկերները բազմաթիվ մանրամասներ, դրվագներ հիշեցին, պատմեցին, ինչպես նաեւ` «Ա1+»-ի խնդրանքով անդրադարձան նաեւ քաղաքականությանն ու ազատագրական պայքարի` այսօրվա նշանակությանը:
Արդյոք ազատամարտիկներին բավարարում է ԼՂՀ հակամարտության վերաբերյալ բանակցային գործընթացը եւ արդյոք ըստ արժանվույնս է գնահատվում ձեռք բերված հաղթանակը:
Մոնթեի ջոկատի մարտիկ Հովսեփ Հակոբյանը նշեց, որ իրենց միայն հաղթանակն է գոհացնում, ուրիշ ոչ մի պայման. «Մեր մտքերի հետ քաղաքագետները միգուցե չհամաձայնվեն, քանի որ մենք մի փոքր այլ կերպ ենք մտածում: Պատերազմի ժամանակ մեզ համար շատ ավելի հեշտ էր, քան հիմա. մեզ համար չկար` կարողանում ես, չես կարողանում, ճիշտ է, սխալ է հասկացողությունները, կար մի նպատակ` պետք է առաջ գնալ, պետք է հաղթանակ ունենալ ու հնարավորինս քիչ կորուստներ»:
Նա հիշեց նաեւ Մոնթեի խոսքերից մեկը, որն, ըստ նրա, այսօր ավելի քան արդի է. «Մի օր Մոնթեն ասաց` տղերք, մենք անընդհատ առաջ ենք գնում, փայլուն հաղթանակներ ենք ունենում, բայց կպարտվենք պատերազմում: Այն ժամանակ մենք չհասկացանք` ինչ նկատի ուներ... Այսօր էլ հույսով ենք չենք էլ հասկանա` ինչ նկատի ուներ: Երբ որ հաղթած երկիրը սկսում է խնդրողի դերում հանդես գալ, դա մենք չենք կարողանում հասկանալ: Միջազգային կարծիքն էլ գրեթե նույնն է` միշտ ծեծողին են սիրում, ծեծվողին չեն սիրում»:
Իսկ հետախույզ Վովա Վարդանովի համար առաջին հերթին վիրավորական էր այն, որ Հաղթանակի զբոսայգում միայն հիշատակման օրերին է անմար կրակը վառվում. «Հայռուսգազարդ»-ը խնայողությո՞ւն է անում. Մոնթեին հիշում են միայն ծնվելու ու զոհվելու օրերին»:
Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման գործընթացին, ապա ազատամարտիկին չի գոհացնում հատկապես այն, որ ԼՂՀ ժողովրդին բանակցություններից դուրս են հանել. «Ինձ դուր չի գալիս, երբ Ադրբեջանն ինքն է թելադրում մեր պայքարելու ձեւը: Երբ որ նա գազանություն էր անում, մենք դրան չէինք պատասխանել. երբ նա իր կանոնները գրում էր, որ այսպես պետք է խաղանք, մենք այդպես չէինք խաղում` մենք էինք թելադրում մերը: Հիմա` բանակցությունների ժամանակ, որ կողմ հորթի պես պարանը քաշի Ադրբեջանը, այդ ուղղությամբ կգնանք. հենց թշնամին մի սրիկայություն է անում, մենք միայն դրան ենք պատասխանում` ընդհանրապես ռազմավարություն չունենք մշակած»:
Ըստ նրա` բանակցությունները խաղաղ մարտարվեստի նման մի բան են. «Հիմա եթե ես բոքսով եմ զբաղվում ու ստիպեմ ձեզ` շախմատիստին, իմ կանոններով խաղալ, ես ձեզ կսպանեմ: Եթե դուք ինձ ինչ-որ բաներ եք բացատրում, իսկ ես ասում եմ` անասուն ու խբում եմ ձեզ, դուք հաշտվում եք ու այս կանոններն ընդունում եք, դուք կպարտվեք, քանի որ այդ կանոնների մեջ ես մի քիչ զիլ եմ»: