Ի պաշտպանություն « Հակահարվածի»
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը դատապարտում է «Հակահարված» art խմբի անդամների նկատմամբ գործադրված բռնությունը, ինչպես նաեւ իրավապահների ցուցաբերած հակաիրավական մոտեցումը: Այս մասին նշվում է տարծված հայտարարության մեջ։
««Հակահարված» art խմբի անդամներ Արտակ Գեւորգյանը, Թաթուլ Սարոյանը եւ Հերբերտ Գուրգյանը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացու իրենց իրավունքը ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասնաշենքում իրացնելիս բռնության են ենթարկվել ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի, համալսարանի անվտանգության աշխատակիցների եւ այլոց կողմից:
Իրենց խախտված իրավունքները վերականգնելու նպատակով խմբի երիտասարդները դիմել են ոստիկանություն, սակայն հանդիպել են անհարգալից վերաբերմունքի: Արդյունքում իրավապահները ստեղծել են մի իրավիճակ, որի հետևանքով տուժած երիտասարդները հանցագործության մասին հաղորդումը չեն կարողացել տալ»,- նշում են հայտարարության հեղինակներըլ
Հիշեցնենք, որ երեկ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի կոլեկտիվն ու ուսանողները հայտարարություն են տարածել՝ «Հակահարված» art խմբի անդամների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Դրանում, մասնավորապես, նշվում է.
«Նոյեմբերի 22-ին ժամը 13-ին, 4 հոգի բարձրախոսով եւ տեսախցիկներով ներխուժելով ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կատարել են ապօրինի գործողություններ` խաթարելով ֆակուլտետի բնականոն աշխատանքը: Նրանք անհարկի աղմուկ են բարձրացրել, բարձրաձայն բղավել, արտահայտել իրենց քաղաքական հայացքները, անկարգություններ հրահրել: Երիտասարդների գործողությունները խոչընդոտել են ֆակուլտետի բնականոն գործունեությունը:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, լսելով բարձրացած աղմուկ-աղաղակը, ընդհատել է իր դասախոսությունը ու փորձել միջամտել եւ հանդարտեցնել երիտասարդներին` պահանջելով դադարեցնել անկարգությունները եւ հեռանալ ֆակուլտետի մասնաշենքից: Երիտասարդները, չենթարկվելով դեկանի օրինական պահանջներին, շարունակել են անկարգությունները եւ գործադրել բռնություն` հրելով դեկանին, դասախոսական անձնակազմի որոշ ներկայացուցիչների եւ ուսանողների: Սադրած անկարգությունները հնարավոր է եղել դադարեցնել միայն ոստիկանության միջամտության արդյունքում: Լրջորեն մտահոգված լինելով վերոնշյալ փաստով` ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվը եւ ուսանողները խստորեն դատապարտում են կատարվածը եւ թույլ չեն տա որեւէ մեկին խանգարելու ֆակուլտետի բնականոն գործունեությունը: ԵՊՀ-ի կանոնադրությամբ այն ապաքաղաքական հիմնարկ է»: