Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Lufthansa-ն էմբարգո՞ է դրել Հայաստանի վրա

Հասարակություն
d46e0867af25bda772445900832b4d46

«Ա1+»-ի տեղեկություններով` մի քանի շաբաթ է արագ սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերությունների միջոցով Հայաստան ուղարկվող ծանրոցները տեղ չեն հասնում:

FedEx ընկերությունից «Ա1+»-ին տեղեկացրին, որ պատճառը Եվրոպայի մի շարք քաղաքներից Երեւան ավիափոխադրումների հետ կապված խնդիրներն են:

«Մեր տեղեկություններով՝ Lufthansa ավիաընկերությունը էմբարգո է դրել Հայաստան ներկրվող Air Cargo բեռների վրա։ Նախորդ ուրբաթ օրվանից Lufthansa-ն Հայաստան բեռներ չի ներմուծում։ Լրացուցիչ պատճառաբանություններ առայժմ չունենք», - «Ա1+»-ին ասաց ընկերության ներկայացուցիչ Աննա Բալայանը։

Ըստ նրա, խնդիրը լուծվել է, եւ այսօր երեկոյան, ամենայն հավանականությամբ, ծանրոցների որոշ մասը կհասնի Երեւան:

« Չենք կարող ասել, թե քանի մարդ է տուժել այս հապաղումից։ Այսօր երեկոյան բեռը կժամանի, նոր պարզ կլինի, այս մեկ շաբաթվա ընթացքում քանի հոգու բեռ է ուշացել», - ասաց Աննա Բալայանը՝ ավելացնելով, որ Եվրոպայում դեռեւս բեռներ կան կուտակված, որոնք պետք է տեղափոխվեն Երեւան:

Նա նշեց նաեւ, որ դեռեւս հայտնի չէ, թե ուշացման համար հաճախորդներին պատճառած անհարմարությունների համար որ կողմը պետք է պատասխանատվություն կրի:

Մենք փորձեցինք կապ հաստատել Lufthansa-ի հայաստանյան ներկայացուցչի հետ, սակայն չհաջողվեց։