104 քաղաքացի ցմահ ազատազրկված է (տեսանյութ)
Վերջին երեք տարում Հայաստանում ցմահ ազատազրկության է դատապարտվել 15 մարդ։ Հայաստանյան բանտերում ներկա պահին ցմահ ազատազրկության դատապարտված 104 քաղաքացի կա։
Ցմահների մեծ մասը այս կարգավիճակում է հայտնվել 2003-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրից հետո, երբ մահապատժի դատապարտվածների պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ դա բացասական իմաստով բավական բարձր ցուցանիշ է.
«Մասնավորապես, գրեթե Հայաստանի չափ բնակչութուն ունեցող Սլովենայում ցմահների թիվը 6-ն է ընդամենը։ 60 միլիոն բնակչություն ունեցող Մեծ Բրիտանիայում ցմահ ազատազրկության են դատապարտված 45 մարդ»:
Երեւանում ընթանում ՝ է ցմահ դատապարտյալների հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողով,որին ներկայացվում են տարբեր երկրներում այս ոլորտում գոյություն ունեցող առանձնահատկությունները։
Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի գիտաշխատող Քեթրին Էփլթոնը նկատում է, որ ժողովրդավարության փարոս համարվող ԱՄՆ-ում այս հարցվում բավական կոշտ օրենքներ են գործում։ Այստեղ 4 բանտարկյալներից մեկը ցմահ դատապարտյալ է։ Որոշ նահանգներում մեկ մարդու երրորդ հանցանքը, անկախ արարքի ծանրությունից, պատժվում է ցմահ ազատազրկմամբ, իսկ որոշ նահանգներում դատարանը կարող է պատժել մինչեւ 300 արվա ազատազրկմամբ։
Մասնագետները կարեւորում են հանցագործի տարիքը ցմահ պատիժ սահմանելիս։
«Ա1+»-ի հետ զրույցում Ավետիք Իշխանյանը ներկայացրեց Եվրոպական որոշ երկրների, այսպես կոչված, փոխզիջումային մոտեցումն այս հարցում։
«Դանիայում, Շվեդիայում 21 տարեկանից է ցմահ բանտարկությունը։ Գերմանիայում, 18-21 տարեկանների համար ցմահ բանտարկություն սահմանելուց առաջ հատուկ բժշկա-հոգեբանական փորձաքննություն են անցկացնում՝ արդյոք նրա ֆիզիոլոգիական տարիքը համապատասխանում է հոգեբանական եւ մտավոր տարիքին», - նշեց իրավապաշտպանը։Հայաստանում 15 հոգի ցմահ դատապարտվել են 20-ն տարին դեռ չլրացած։
Վրաստանցի փորձագետ Ցիրա Չանթուրիան նշեց, որ իր երկրում, ինչպես եւ Հայաստանում, 18 տարեկանից ցածր անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել։
Սակայն ի տարբերություն Հայաստանի, հարեւան երկրում սահմանված է նաեւ վերին տարիքային սահմանափակում՝ 60 տարեկանից տարեց մարդուն ցմահ ազատազրկում չի սպառնում ոչ մի դեպքում։
Մեծ Բրիտանիայում տարիքային որեւէ սահամանափակում չկա. Միացյալ Թագավորությունում այժմ ցմահ ազատազրկման են դատապարտված երկու տղա, որոնք տասը տարեկան հասակում առանձնակի դաժանությամբ սպանել են 3-ամյա մի աղջկա։
Որպես հակառակ ծայրահեղություն, Քեթրին Էփլթոնը հիշատակեց հայտնի նորվեգացի Անդերս Բրեյվիկի դեպքը, երբ 77 մարդու սառնասրտորեն սպանած ահաբեկիչը դտապարտվեց ընդամենը 21 տարվա բանտարկության, քանի որ Նորվեգիայի օրենսդրությունում դա առավելագույն պատժաչափն է։
Այսօրվա քննարկման մասնակիցները կարծում են, որ ցմահ պետք է դատապարտել միայն ծայրահեղ դեպքերում, երբ մեղմացուցիչ որեւէ հանգամանք չկա։