Ավելացել է բեռնատար գնացքի միջին քաշը
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 2877,6 հազար տոննա, ինչը 6,3% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմեց 395,9 հազար տոննա, ինչը 7,5% գերազանցում է 2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 1141,2 հազար տոննա բեռ, ինչը 0,9%-ով ցածր է 2011 թ. ցուցանիշից:
Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 1340,5 հազար տոննա (աճ 12,9%-ով):
Հարկ է նշել, որ 4,3%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 1444 տոննա՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1385 տոննայի դիմաց:
Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:
Այս մասին հայտնում է ՀԿԵ մամլո ծառայությունը։