Որսը սիրելու արդյունքը
Մի արի տուն, թե չէ կդատվես: Այս եզրահանգմանն է եկել ԱՄՆ եւ ՀՀ քաղաքացի Ալֆրեդ Հարությունյանը, որը 2011թ. որոշել էր գալ Հայաստան ու մշտական բնակություն հաստատել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա պատմեց, որ իր ամբողջ գույքի հետ մեկտեղ որոշել էր ՀՀ բերել նաեւ իր 4 որսորդական հրացանն ու 40 միավոր փամփուշտները:
Պարոն Հարությունյանի ասելով` դրանք Հայաստան տեղափոխելու համար ԱՄՆ-ում նախապես դիմել է ՀՀ հյուպատոսարան` արդյոք խնդիրներ չեն առաջանա մաքսատանը կամ ՀՀ օրենքների հետ կապված: Նրան վստահեցրել են, որ հանգիստ, առանց խոչընդոտների կարող է հրացաններն ու փամփուշտները տեղափոխել: Սակայն արդեն մաքսատանը Ալֆրեդ Հարությունյանը խնդիրների առաջ է կանգնում: Նրա ամբողջ գույքը առգրավվում են եւ չեն վերադարձնում այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին նա պատահմամբ չի հանդիպում Սերժ Սարգսյանին ու պատմում իր խնդիրների մասին:
Մի քանի օր անց նախագահական նստավայրից զանգահարում են մաքսատուն, որից հետո Ալֆրեդ Հարությունյանին վերադարձնում են իր իրերը` բացառությամբ հրացանների ու փամփուշտների, վերջիններս նրա դեմ քրեական գործ սկսելու հիմք են հանդիսանում` Քր.Օր-ի 215 հոդվածի 2-րդ մասով` մաքսանենգություն, որը ենթադրում է 4 տարի ազատազրկում:
Ինչո՞ւ է Ալֆրեդ Հարությունյանը որոշել հրացան ու փամփուշտ տեղափոխել Հայաստան: «Ես որսորդ եմ, հանդիսանում եմ եւ Կալիֆորնիայի, եւ ՀՀ-ի որսորդ միության անդամ, ես բնության սիրահար եմ, որսորդություն եմ սիրում, դա իմ քաղաքացիական իրավունքն է: Ես որեւէ ուրիշ նպատակ չեմ ունեցել»,- վստահեցրեց ամերիկահայ որսորդը:
Նա վստահեցնում է, որ այդ ամենից հետո նա չի հիասթափվել հայրենիքից ու ակնկալում է, որ իր նկատմամբ ի վերջո կլինի արդարություն: Այժմ նա ապրում է Այինթափում` բարեկամների տանը, թեեւ մեծ ծրագրեր ուներ հայրենիքում` բնակարան ունենալ, փոքրիկ բիզնես սկսել: