ՋԷԿ-ը կդառնա՞ այլընտրանք (տեսանյութ)
Հայաստանի էլեկտրաէներգիա մատակարարող հիմնական օբյեկտը՝ Մեծամորի ատոմակայանը մինչեւ տարեվերջ վերալիցքավորման եւ վերանորոգման աշխատանքների պատճառով էլեկտրաէներգիա չի արտադրի։
Իսկ մինչ այդ հանրապետության էներգետիկ պահանջարկի մի զգալի մասն ապահովում է Երեւանի նոր ջերմաէլեկտրակայանը։
2010-ի ապրիլին գործարկված կայանը աշխատում է համակցված ցիկլով՝ որպես վառելիք գազ ծախսելով՝ կայանում տեղադրված երկու գեներատորները աշխատեցնում են շոգետուրբինը եւ գազատուրբինը։
Դրա շնորհիվ ՋԷԿ-ի օգտակար գործողության գործակիցը բարձրանում է մինչեւ 50 տոկոսի։
«Համեմատության համար ասդեմ, որ հին կայանի ՕԳԳ-ն առավելագույնը 30 տոկոս էր» - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Կայանի գլխավոր ինժեների տեղակալ Արամ Սարկիսյանը։
1961-ին գործարկված հին կայանն արդեն մի քանի տարի է, ինչ վաստակած հանգստի է անցել։ Արամ Սարկիսյանը նշում է, որ այն ֆիզիկապես մաշվել էր եւ այլեւս ձեռնտու չէր ո՛չ էկոլոգիայի ոչ էլ վառելիքի տնտեսման առումով։
Այնուամենայնիվ, հին կայանի չորս ագրեգատները սարքին են եւ կարող են ցանկացած պահի վերագործարկվել Արցախում արդյունահանվող ածխային վառելիքի հիմքով։
Իսկ նոր կայանը հասցրել է դեռեւս իր կառուցման ընթացքում մի քանի ռեկորդներ սահմանել։
«Շուրջ 190 տոննա քաշով գազատուրբինի գեներատորը Գերմանիայից բերվել է Հայաստան աշխարհում ամենամեծ ինքնաթիռով եւ այդ բեռնափոխադրումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենամեծ զանգված ունեցող տեղափոխում։ Իսկ շինարարության ժամանակ այստեղ աշխատում էին ավելի քան 60 ազգի ներկայացուցիչներ», - հիշեցրեց նա։
Թեեւ այսօր կայանն աշխատում է ողջ հզորությամբ, բայց տարածքը մարդաշատ չէ։ Ավտոմատացված համակարգերի ներդրման շնորհիվ 220 հազար մեգավատտ հզորությամբ կայանի աշխատանքն ապահովում է 20 հոգանոց հերթափոխը։
Կայանը նախագծողները հոգ են տարել նաեւ բնապահպանական ռիսկերը նվազագույնի հասցնելու մասին։ Հատուկ վահանակը ստուգում է արտանետված ծխագազերի պարունակությունը։
«Եթե հանկարծ նորմայից շեղում է հայտնաբերվում ծխագազերում, միանգամից ազդանշաններ ենք ստանում եւ համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկում», - նշեց կայանի աշխատակիցը։
Ջերմակայանի բոլոր սարքավորումների տվյալներն ուղարկվում են ղեկավարման կենտրոն, որտեղ երկու օպերատորներ՝ հերթապահի հետ միասին ամեն օր, քսանչորս ժամ հետեւում են կայանի անխափան աշխատանքին։ Հնարավոր վթարները, կախված իրենց չափերից, կարող են վերացվել միանգամից՝ կառավարման վահանակից կամ վթարի վայրը օժանդակ աշխատակիցներ ուղարկելով։
ՋԷԿ-ի աշխատակիցները նշում են, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ինքնանպատակ չէ. դրանց շնորհիվ միայն այս տարվա հունվարից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակահատվածը Հայաստանը տնտեսել է 142 միլիոն խորանարդ մետր գազ կամ ավելի քան 34 միլիոն ԱՄՆ դոլար։