Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձորագլխին գոնե ճյուղ տվեք

Հասարակություն
d72d381ce90385a35a39153ad6e90526

Ապարանի Ձորագլուխ համայնքի բնակիչները 2012թ. ձմեռը նախորդների նման դարձյալ կդիմավորեն առանց վառելիքի:
Համայնքի բնակիչ Աշոտ Հակոբյանի խոսքերով, իրենց գյուղում ոչ կապույտ վառելիք կա, ոչ էլ թույլ են տալիս անտառի չորացած ճյուղերը վառել:

«Մենք այսօր Ձորագլուխից 13 գյուղացիներով եկել էինք Աշտարակ` մեր մարզպետարան, մարզպետ Սարգիս Սահակյանի հետ հանդիպելու համար: Մենք մարզպետին ներկայացրեցինք մեր խնդիրները, որ գազ չունենք, անտառտնտեսությունն էլ թույլ չի տալիս անտառից չորացած ճյուղեր հանենք: Մենք ծառ չենք կտրելու, պարզապես ուզում ենք մեր տները տաքացնել: Մեզ մոտ ձմեռը 6 ամիս է տևում: Մեր կողքի Չքնաղ գյուղում բնակիչները իրենց տները գազով են տաքացնում, իսկ մենք զրկված ենք դրանից»,-ասաց Ձորագլուխ համայնքի բնակիչ Աշոտ Հակոբյանը:

Ըստ բնակչի, մոտ մեկ ժամ իրենց հետ խոսելուց հետո մարզպետը զանգահարել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին և ներկայացրել գյուղացիները պահանջը:

«Պարոն նախարարը պատասխանեց, որ եթե մեր գյուղում լինի անտառային տարածքների սանիտարական մաքրման աշխատանք, ապա թույլ կտա օգտագործել չորացած ճյուղերը: Սերգո Կարապետյանը հավաստիացրեց, որ մենք պատասխանը կստանանք 10 օրվա ընթացքում»,-նշեց Հակոբյանը:

Ձորագլուխ համայնքի բնակիչը տեղեկացրեց նաև, որ իրենք մարզպետին ներկայացրել են նաև գյուղի համար կարևոր ևս մեկ հարց:

«Մեր գյուղը, որն ունի 80 ընտանիք, գյուղամիջյան ճանապարհ չունի: 4 կմ ճանապարհի հարցը, մարզպետի վստահեցմամբ, կլուծվի 2013թ.: Սարգիս Սահակյանը մեզ ասաց, որ 2013թ. բյուջեով գումար է տրամադրվելու ճանապարհը սարքելու համար»,-եզրափակեց Աշոտ Հակոբյանը: