2500 դրամ՝ աշխատավա՞րձ, թե ողորմություն (տեսանյութ)
Երևանցի Ռուբեն Մկրտչյանը ողորմություն է համարում նվազագույն աշախտավարձերը 2500 դրամով բարձրացնելու կառավարության որոշումը: Այս մասին հայտարարելու համար այսօր նա գործադիր մարմնի շենքի մոտ էր:
Նրա զայրույթը էլ ավելի է սրել այս օրերին բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթները:
«Ով դեմ է խոսում, էն դերասան Շարմազանովը նրան արտիստ է անվանում, երբ գլխավոր արտիստը ինքն է», «Ա1+»-ին ասաց պարոն Մկրտչյանը։
Ռուբեն Մկրտչյանը կառավարությանը հիշեցնում է, որ իրենց կողմից չվերահսկվող գնաճի պայմաններում 2.500 դրամը արժեք չունի:
«Այստեղ եթե հիմա ձեռքս մեկնեմ ու կանգնեմ, 2500 դրամ էս մի ժամվա ընթացքում կհավաքեմ, ողորմությունը իրանց ա պետք», - ասում է նա:
Այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, ինչպես նաեւ պետական կարիքների զոհ դարձած այլ քաղաքացիներ: Երևանում ծնված և մեծացած Էդիկ Մեսրոպյանը դեռ հույսը չի կորցրել, որ Աբովյան փողոցում գտնվող իր տունը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում կորցնելուց հետո, գործող իշխանություններից փոխհատուցում կստանա:
Նա նշում է, որ քանդելուց հետո, յուրաքանչյուր անձին տված 3500 դոլարով նոր բնակարան ձեռք բերել չի հաջողվել։
Նա համոզված է. որ իր տունը գնել է հենց Ռոբերտ Քոչարյանը,մի խումբ մարդկանց, այդ թվում՝ իր ընտանիքին զրկելով տանքից:
Նախագահական նստավայրի դիմաց արդեն 160 օր անցկացրած Սահակյան Էմման՝ Գարեգին Նժդեհի ազգականուհին, այսօր եկել էր կառավարության շենքի դիմաց: Նա նույնպես զրկվել է սեփական տնից՝ հարազատ քրոջ պատճառով։
«Անօրինականորեն գրանցումից հանել են և ամբողջ ունեցվածք մի հատ ասեղ չեն թողել, իրա ընտանիքի անդամների հետ: Ամեն ինչ ունեցել եմ, նույնիսկ տարել ա ադամանդները», - բողոքում է նա:
21 օր հացադուլ հայտարարած եւ դադարեցրած կինը խոստանում կրկին վերսկսել պայքարի ծայրահեղ միջոցը, եթե իր հարցին լուծում չտրվի: