Վթար մահվան ելքով
Երեկ ժամը 17:44-ին Սիսիանի փրկարարական ջոկատ ահազագ է ստացվել, որ Սիսիան-Երեւան ճանապարհի 31-րդ կմ-ում, Ծղուկ գյուղից քիչ ներքեւ, մեքենան գլորվել է ձորը:
Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Սիսիանի փրկարարական ջոկատի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Հովսեփյանի տեղեկատվությամբ իրենց հաջողվել է մոտ 70 մ խորությամբ ձորից դուրս բերել տուժածներին`Երեւան քաղաքի բնակիչներ 1982թ.-ին ծնված Դիանա Իսրայելյանին, վարորդ 1983թ.-ին ծնված Վասակ Մելքումյանին, ինչպես նաեւ 1984թ.-ին ծնված Մարգարիտա Մելքումյանի դին:
Տուժածներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Սիսիանի բժկական կենտրոնի աշխատակիցները, այնուհետեւ նրանց տեղափոխել են հիվանդանոց: Սիսիանի բժկական կենտրոնի տնօրեն Արտյոմ Թադեւոսյանի տեղեկատվությամբ Դիանա Իսրայելյանի մոտ առկա է գանգի ճակատային ոսկրի կոտրվածք: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:
Վասակ Մելքումյանին պատկանող "Օպել վեկտրա" մակնիշի մեքենան 3-րդ է, որ այս տարվա ընթացքում վթարվել է նույն` Ծղուկի ձորում: Մյուս 2 դեպքերում եւս մահ է գրանցվել:
Արմեն Հովակիմյան, Սիսիան