Փորձագետները քաղաքաշինական փաստաթղթերի մասին
Հայաստանում հրատապ խնդիր է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արմատական բարեփոխումը` արդի պայմաններին համահունչ եւ միջազգային նորմերին ներդաշնակ փաստաթղթերի բազայի ստեղծմամբ:
Այսօր այս մասին բարձրաձայնվել է քաղաքաշինության նախարարությունում բացված Թայեքս գործիքի ներքո իրականացվող "Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի եվրոպական համապատասխանեցում եւ ազգային մակարդակի դիրեկտիվի կիրարկման վերաբերյալ փորձի փոխանակում" թեմայով սեմինարի ընթացքում, որին մասնակցում է հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական խումբը:
Ներկայացնելով Հայաստանում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը՝ նշվել է, որ տնտեսական ազատականացման պայմաններում հանրապետությունում զգալի աշխատանքներ են տարվել քաղաքաշինական օրենսդրական դաշտի ձեւավորման ուղղությամբ:
Մշակվել են ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ, ենթաօրենսդրական եւ գերատեսչական ակտեր: Միեւնույն ժամանակ ակնհայտ է դարձել բնագավառի օրենսդրական բազայի եւ ինստիտուցիոնալ կառուցվածքի հետագա կատարելագործման անհրաժեշտությունը՝ ինվեստիցիոն գործընթացների զարգացմանը զուգընթաց:
ԵՄ փորձագետ Էդիտա Մեսկաուսկիենեն ներկայացնելով ԵՄ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական բազան, կարեւորել է գործող նորմատիվներից դեպի ԵՄ նորմատիվների սահուն, աստիճանական անցման խնդիրը:
Սեմինարը կտեւի 5 օր։