Ծառատունկին պետք է մասնակցեն բոլորը
«Բոլոր երթուղիներում ուղևորատար տրանսպորտը պետք է աշխատի մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցով, նաև օրվա ուշ ժամերին: Երթուղիների սպասարկումը խախտումներով իրականացնող ընկերությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան: Մեր համաքաղաքացիները պետք է ստանան որակյալ սպասարկում»,-նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Կրթության վարչության պետը զեկուցել է, որ մատակարարվող սննդի որակի վերահսկողության, ինչպես նաև դրամահավաքության երևույթները բացառելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում են ստուգայցերն ու պարբերական խորհրդակցությունները: Անցյալ շաբաթ իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հետևանքով աշխատանքից ազատվել են թիվ 51 դպրոցի և թիվ 60 մանկապարտեզի տնօրենները:
Հանձնարարվել է ուսումնասիրել 16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման հետ կապված խնդիրները և ներկայացնել նախնական նախահաշիվ՝ ֆինանսական գնահատականով:
Զեկուցվել է նաեւ, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքերում իրականացվում են ջրթափ խողովակների նորոգման, շքամուտքերի ապակիների տեղադրման, ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքներ: Զուգահեռաբար ընթացքի մեջ են նաև աղի և ավազի կուտակման աշխատանքները:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ նոյեմբերի 17-ին հայտարարված համաքաղաքային աշնանային ծառատունկի համար ներկրվել են համապատասխան քանակության տնկիներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը ծառատունկին։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։