Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պրոբացիոն համակարգը կնվազեցնի հանցագործությունը (տեսանյութ)

Հասարակություն
6401cf8037300ec02611ceed4fefc98b

Ինչ անել, որպեսզի մեկ անգամ հանցանք գործած մարդը, այլևս այն չկրկնի:

Այս խնդրին լուծում տալու համար հետազոտություններ են կատարվել քրեակատարողական հիմնարկներում, որի արդյունքները ներկայացվեցին այսօր:

«Պրոբացիոն ծառայության ներդրումը կնպաստի կրկնահանցագործությունների կանխարգելմանը, կնպաստի հանցավորության թվի կրճատմանը ՀՀ-ում և այս ամենը հասարակության անվտանգության պահպանմամբ»- նշեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը։

Պրոբացիոն ծառայությունը սոցիալ-իրավական ծառայություն է, որը ենթադրում է աշխատանք թե անազատության մեջ գտնվողի, թե համայնքի, թե դատապարտյալի ընտանիքի հետ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նշում է, որ պրոբացիոն ծառայության հիմքում ընկած է մարդու արժանապատվությունը, այսինքն՝ դատապարտյալի, կալանավորված անձի հետ անհատական աշխատանք, նրան օգնել, որպեսզի իր մոտ ձևավորվի մեղքի զգացումը և հետո շտկվի:

Պարոն Սաքունցի խոսքերով՝ պրոբացիայի ծառայությունը այն ճանապարհն է, որով քրեական արդարադատությունը պատժիչ բնույթից կվերափոխվի մարդասիրականի.

«Պրոբացիոն ծառայության ներդրման համար շատ ավելի կարևոր է քաղաքական կամքի առկայությունը, այստեղ քաղաքական իշխանությունն է որոշում կայացնում, թե իր երկրում ազատազրկվածի նկատմամբ ինչ վերաբերմունք կլինի»:

Անահիտ Գրիգորյանը, ով զբաղվում է անչափահասների նկատմամբ բռնության նվազեցման ծրագրերով, պնդում է, որ պրոբացիայի համակարգի ներդրումը երեխաների շրջանում կբերի հանացագործությունների նվազեցման և կնպաստի նրանց կայացմանը:
«Աշխատանքը տարբեր փուլերով է իրականացվելու՝ սկսած անհատական աշխատանք երեխաների հետ, ծնողների հետ, աշխատանք համայնքում, որովհետև առանց համայնքի միջամտության անչափահասների շրջանում բնականաբար հանցագործությունները չեն կարող նվազել»,- նշեց Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցման ծրագրի ղեկավար Անահիտ Գրիգորյանը։

Պրոբացիայի ծառայության կիրառումը կապահովի նաև այլընտրանքային պատժատեսակների ներդրմանը` հաշվի առնելով, որ արդարադատության համակարգում չափազանց շատ են կիրառվում ազատազրկման տեսքով պատիժները: Այն Հայաստանում նախատեսվում է կյանքի կոչել 2012-2016 թթ. դատաիրավական ռազմավարական ծրագրին համահունչ: