Հայաստանում կեղծ դեղերը քի՞չ են (տեսանյութ)
Պաշտոնական տվյալներով Հայաստանում կեղծ դեղերի շրջանառությունը կազմում է ընդամենը 5-6 տոկոս։
Դրանք այսօր բերվում են մաքսանենգ ճանապարհով. «Մեր հանրապետությունում դեղերի ներմուծմումը բավականին խիստ է դրված, մենք միակ պետությունն ենք, որ վերահսկում ենք դա ոչ թե դաշտում, այլ սահմանի վրա»,-«Ա1+»- ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը։
Երևանում այսօր մեկարկել է դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարին նվիրված երկօրյա դասընթացը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների դեղերի ոլորտը կարգավորող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Մեր գործընկերները մեզ հետ կկիսվեն այն փորձով, որոնք կուտակել են այսքան տարիների ընթացքում»,- նշեց Հակոբ Թոփչյանը։
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենն ասաց, որ ԱՊՀ երկրների համեմատ կեղծ դեղերի շրջանառության ցուցանիշով Հայաստանը ստորին սանդղակներում է. «ԱՊՀ երկրներից կեղծ դեղերի շրջանառության բավականին բարձր ցուցանիշ ունեն Ռուսաստանը, Ուկրաինան»։