Եզդիներ են սպանվել
Իրաքի Բաշիկա տարածքում երեկ` նոյեմբերի 7-ին, քրդական զորքերը հարձակվել են եզդի երիտասարդների վրա, 10 եզդի սպանվել են, 100-ը ծանր վիրավոր են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Եզդիների միության ներկայացուցիչ Խըդր Հաջոյանը։
Ըստ նրա՝ այդ տարածքում բնակվող եզդի երիտասարդները ամեն չորեքշաբթի տոնախմբություն են կազմակերպում, քանի որ այդ օրը, սուրբ օր է համարվում:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության հայտարարությունը
Իրաքում եզդիների հանդեպ շարունակվում է անմարդկային վերաբերմունքը: Ինչպես տեղեկացնում են այնտեղ բնակվող եզդիները, նոյեմբերի 7-ին քրդական զորքերի կողմից սպանվել են 10, վիրավորվել՝ 100 եզդիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Վիրավորական է քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունն այս շարունակական հալածանքների հանդեպ: Քրդերրի նպատակն է նման վայրագությունների միջոցով դատարկել եզդիաբնակ շրջանները: Նրանց այդ ծրագիրը իրականացնելու համար ներկայումս խոչընդոտներ չկան: Այն, որ ԱՄՆ-ն Իրաքում կարևորում է իր քաղաքական և տնտեսական շահը, աներկբա է և փաստորեն չարժի հուսալ, որ նրանց կողմից Իրաքում բնակվող եզդիների իրավունքները կպաշտպանվեն: Այս ամենը հաշվի առնելով՝ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդը խնդրանքով դիմում է բոլոր այն երկրներին, որոնց ժողովուրդները նույնպես ենթարկվել են ցեղասպանությունների, անտարբեր չլինել Իրաքում բնակվող եզդիների ճակատագրին: Այսօր եզդիները կանգնած են ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ: Ի վերջո, մենք համոզված ենք, որ կատարվող անիրավության հանդեպ անտարբերությունը նույնչափ հանցավոր երեւույթ է, որքան որ նոր մի ցեղասպանութուն կատարելը: