Ձեւավորվում է նոր փոթորիկ
Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան ափը, որն անցյալ շաբաթ ենթարկվել էր «Սենդի» կործանիչ փոթորկի հարվածի, շարժվում է նոր փոթորիկ, որը նույնպես կարող է որոշակի վտանգ ներկայացնել: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»
Օդերևութաբանների խոսքերով՝ Միացյալ Նահանգների հարավ-արևելյան ափերի մոտ ձեւավորվում է այսպես կոչված «հյուսիս-արևելյան փոթորիկը»: Սպասվում է, որ այն շարժվելու է դեպի հյուսիս և հասնելու է երկրի հյուսիս-արևելյան ափերին այս շաբաթվա կեսին:
Փոթորիկն ըստ էության «Սենդի»-ի նման հզոր չի լինի, սակայն օդերևութաբանները զգուշացնում են, որ նոր փոթորիկը կարող է դառնալ քամու ուժեղացումների, սառնաշունչ եղանակի և մինչև 7 սանտիմետր տեղումների պատճառը:
ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, հնարավոր տեղումները կարող են հեղեղել նույն տարածքները, որոնք տուժել են «Սենդի»-ի հետևանքով:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների արևելյան ափին հարող տարածքներին ուժգին հարված հասցրած «Սենդի» փոթորիկը դարձել է ավելի քան 100 մարդու մահվան պատճառը: Տարերային աղետի պատճառած վնասը կազմում է մոտ 50 միլիարդ դոլար: