Կոնդը քանդվեց ու չքանդվեց (տեսանյութ)
Տիկին Ամալյան բնիկ Կոնդեցի չէ։ Այստեղ ապրում է 1950 թվականից, երբ հարս եկավ Կոնդ: Հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ լսել է Կոնդը քանդելու մասին լուրերը: «Կիսուրս ասում էր 25 թվից քանդում են։ Անընդհատ պատրաստվում էինք, որ քանդեին ու չէր քանդվում»,- ասում է Ամալյա Այդինյանը։
Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանից Կոնդի բոլոր բնակիչները ստացել են մի նամակ, որով նրանց տեղեկացնում են՝ Կոնդի տներն այլևս հանրային գերակա շահ չեն համարվում։ Որոշումը կայացրել է Կառավարությունը սեպտեմբերի 27-ին։
«Նախատեսված է, որ տվյալ տարածքում ներկայիս խարխուլ շինությունների փոխարեն պետք է լինի գեղեցիկ թաղամաս, սակայն, կապված ֆինանսական ճգնաժամի հետ, նման ինվեստրներ ներկայումս չկան»,- ասաց Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Շողիկ Երանյանը։
Կոնդեցիները, սակայն, դեմ չեն, որ քանդեն թաղամասը, բայց միայն այն պայմանով՝ որ կստանան համապատասխան փոխհատուցում։
«Թող քանդեն, հենց հիմա էլ քանդեն, ո՞վ չի ուզի։ 60 տարի է տառապում եմ Կոնդի էս փլված տներում»,- ասում է տիկին Ամալիան։
Կոնդեցիներն ասում են՝ պետությունն այսքան տարի խաբել է իրենց։
«Կառավարությունը խաբեց բոլոր կոնդեցիներին։ Պայմանագիր էինք կապել,իսկ հիմա մեզ ասում են՝ եկեք ձեր թղթերը հետ վերցրեք ու լավն այն է, որ սրանից հետո մենք կկարողանանք մեր տները ծախել»,- ասում է կոնդեցիներից Սարգիս Դրոշակիրյանը։
Ի դեպ, Երեւանի ամենահին թաղամասերից մեկում ապրող ընտանիքների մի մասը մինչ օրս զուրկ է կենցաղային տարրական պայմաններից։
«Մեր տուալետը ընդհանուր է։ Բնակարաններում տուալետ չունենք։ Բակում 5 ընտանիք կա, բոլորս էլ ընդհանուր տուալետից ենք օգտվում։ Գազ էլ չունենք։ Փառք Աստծուն, որ լույսն ու ջուրն էլ էս 2 ամիս է ունենք»,- ասում է Կոնդի բնակիչներից Աշոտ Գրիգորյանը։