Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավագանին մի քանի որոշում է կայացրել

Հասարակություն
f8ed692ea9fdf92b9a6a4789bff85916

Երեւանի ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է որոշման նախագիծ, համաձայն որի սահմանվել են քաղաքային նշանակության քաղաքաշինական և գովազդային գոտիները:

Նշված որոշմամբ ընդլայնվել են վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները, ինչն առավել արդյունավետ կդարձնի տեղում քաղաքաշինական բնույթի հարցերի կարգավորումը:

Բնակիչներն, ըստ այդմ, բնակարանաշինական որոշակի խնդիրներ այսուհետ կկարգավորեն անմիջականորեն վարչական շրջաններում ՝ տեղերում անվճար առաջարկվող օրինակելի նախագծերի միջոցով։

Երևանի ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է մայրաքաղաքի Այվազովսկու փողոցի հիմնանորոգման ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է
երթևեկային մասում ամբողջ երկայնքով ասֆալտ -բետոնյա ծածկի 4-5սմ հաստությամբ իրականացում։

Ամբողջովին փոխվելու է մայթերի ասֆալտ -բետոնյա ծածկը խճե հիմքով, ինչպես նաև բազալտե եզրաքարերը։ Այվազովսկու փողոցի ճանապարհի երկարությունը կազմում է 2485 գծմ, իսկ լայնությունը 13-18 մ։

Ավագանու որոշմամբ պատմաբան, պետական , հասարակական գործիչ, պատմական գիտությունների դոկտոր -պրոֆեսոր Հովհաննես Ինճիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կտեղադրվի Թումանյան-35 հասցեում։

Նիստի ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը վերաբերող հարցի առնչությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս տարի հայտարարված աղբահանության կազմակերպման միջազգային մրցույթի շրջանակում ութ կազմակերպություններ ներկայացրել են իրենց նախնական առաջարկները, որից հետո նրանց հետ ընթացել են բանակցություններ և արդեն նոյեմբեր ամսին բոլոր 8 կազմակերպությունները կներկայացնեն գնառաջարկներ ու բիզնես ծրագրեր, որոնց հիման վրա էլ կընտրվեն հաղթողները։

«2013թ-ի կեսից արդեն հաղթող կազմակերպությունները կսկեն սպասարկում իրականացնել Երևան քաղաքում: Մոտեցումները լինելու են նորովի և ընդգրկելու են ողջ բնագավառը: Կունենանք եվրոպական ամենաժամանակակից չափանիշներին համապատասխան սպասարկում: Արդյունքում լուծում կստանան վերջին տասնամյակներում Երևանի ու երևանցիների առջև ծառացած ոլորտի բոլոր խնդիրները»,-նշել է քաղաքապետը:

Հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների վերգետնյա անցումներից օգտվելու հնարավորությունների ստեղծմանն առնչվող հարցին ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այժմ քննարկվում է և 2013թ-ին կառուցվելիք վերգետնյա անցումների նախագծերում հաշվի կառնվի խնդիրը և կգտնվեն համապատասխան լուծումներ։

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին:


Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։