«Նուբարաշենում» 2 հոգի դեռ հացադուլի մեջ է (տեսանյութ)
Հոկտեմբերի 22-ին «Նուբարաշեն ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած 4 ազատազրկվածներից 2-ը շարունակում են հացադուլի մեջ մնալ:
Հացադուլը շարունակում են կալանավոր Վարդան Դեմիրճյանը և դատապարտյալ Կարեն Թառոյանը, որն ի նշան բողոքի նաև կտրել էր աջ ձեռքի ճկույթը:
«Հացադուլավորները առանձին խցում են գտնվում, և բժիշկների հսկողության տակ են: Թե հիմնարկի ղեկավարները, թե սոցիալհոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աշխատակիցները միշտ հանդիպում, զրուցում են նրանց հետ»,- «Ա1+»-ին ասաց ԱՆ Քրեակատարողական վարչության լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` նշելով, որ հացադուլավորներն այս կերպ բողոքում են իրենց դեմ հարուցված քրեական գործերից:
Ինչպես նշեց Գոռ Ղլեչյանը հացադուլավորիների մոտ այս օրերին նաև տարբեր այցելություններ են լինում: Նրանց այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:
Նշենք նաև, որ կալանավոր Վարդան Դեմիրճյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (սպանության փորձ), 185 հոդվածի 3-րդ կետով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) և 325 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթուղթ կեղծելը):
Դատապարտյալ Կարեն Թառոյանը դատապարտվել է 2005թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը):
«Կարեն Թառոյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, և նրան մնացել է մոտ 1.5 տարի»,- ասաց Գոռ Ղլեչյանը: