Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենդանիները վարակվել են դեղնախտով

Հասարակություն
37a96f39c9cb0e8d3b79465a5dfa3a23

Հայաստանում ամեն տարի գրանցվում է սիբիրախտի 1-2 դեպք։ Այսօր անդրադառնալով Գեղարքունիքի մարզի երկու գյուղերում արձանագրված սիբիրախտի դեպքին՝ հայտարարեց Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, անաստաբուժական գիտությունների թեկնածու Գրիշա Բաղյանը։

Պարոն Բաղյանը ընդգծեց, որ Գեղարքունիքի մարզում, այդ թվում Վարդենիսում և Ծովակ գյուղում գլխաքանակը դեռ մայիս ամսին պատվաստվել է։

Պարոն Բաղյանը ասաց, որ Ծովակ գյուղում դեռ սեպտեմբերին կենդանիների մոտ ախտորոշվել է արյան պարազիտային հիվանդություն, որը թուլացրել է կենդանիների իմունիտետը և հող նախապատրաստել սիբիրախտի համար։

«Սիբիրախտով հիվանդացել է 1 կենդանի։ Այսօր Վարդենիսում և հարակից գյուղերում սիբիրախտով հիվանդ կենդանիներ չկան։ Այդ առիթով քրեական գործ է հարուցվել, սակայն գործի հետ կապված տվյալներ դեռ չունենք»,- ասաց պարոն Բաղյանը։

Պատասխանելով «Ա1+»-ի այն հարցին, թե որքանով են հավաստի այն լուրերը, թե այն կենդանին, որը վարակված է եղել սիբիրախտով, որպես օգնություն է տրվել։

«Վարակված է եղել կենդանու մսեղիքը, և որպես օգնություն չի տրվել, քանի որ կենդանին պատկանել է մի ֆերմերի, որը բազմաթիվ կենդանիներ ունի և նրան վաղուց են ճանաչում»,- նշեց Գրիշա Բաղյանը՝ հավելելով, որ Գեղարքունիքի մարզում կարանտինային ժամկետը կվերջանա այն ժամանակ, երբ վստահ լինեն, որ վտանգը հետևում է։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բաղյանն անդրադարձավ նաև Գեղարքունիքի և Լոռու մարզերում կենդանիների շրջանում նկատված դեղնախտ հիվանդությանը։ «Սա նոր երևույթ է։ Վարակը տարածվում է տիզերի միջոցով, բուժվում է շատ հեշտ և դեղն արժե 200 դրամ։ Դեղնախտից բուժված անասունի միսը մարդը կարող է ուտել, քանի որ այն վտանգավոր չէ»,- ասաց Գրիշա Բաղյանը։