Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերը հայտնվել են Բաքվի օդանավակայանում

Հասարակություն
509441501c9d599efdae4916358bf945

Այս հոդվածը արտատպվում է civilnet.am-ից։

«Իմ կյանքի ամենաերկար 40 րոպեները ապրեցի ժամեր առաջ: Թե ինչու՞, փորձեմ պատմել ամենասկզբից:

Ամուսնուս հետ մեկնել էինք ճանապարհորդության Եվրոպա, մի քանի քաղաք այցելեցինք, որոնցից վերջինը Պրահան էր: Այդտեղից էլ հենց պետք է թռչեինք Թբիլիսի և մեքենայով վերադառնայինք Երևան: Ճամփորդությունը տևեց շուրջ երկու շաբաթ, հասցրել էինք մի լավ հոգնել և երազում էինք ժամ առաջ վերադառնալ տուն: Դեպի Պրահայի օդանավակայան ճանապարհին հաշվում էինք, թե քանի ժամից կհայտնվենք տանը:

Հասանք օդանավակայան: Ես wi-fi -ին էի միացել ու հեռախոսիս մեջ ինչ-որ բան էի փնտրում, իսկ ամուսինս նայում էր, թե որտեղ պետք է սպասենք թռիչքի համար: Զգացի մի պահ, որ դեմքը սփրթնեց, հետո լուռ կանգնած մի քանի րոպե նայում էր դեմքիս: Հարցրի՝ ի՞նչ է պատահել, առանց որևէ բառ ասելու, ձեռքը պարզեց դեպի ժամատախտակը: Ասեմ, որ ամուսինս մշտապես օգտվում է Չեխական ավիաուղիներից: Ես նայեցի, չեխականի լոգոն գտա ու կողքը կարդում եմ` Tbilisi via Baku: Նայեցինք իրար ու չէինք հասկանում, թե ինչ է կատարվում: Իհարկե, հասկանալ, թե ի՞նչ դա կնշանակի կարող էինք, բայց չէինք հավատում կամ չէինք ուզում հավատալ մեր տեսածին: Գտանք չեխականի աշխատակիցներից մեկին, որը շատ հանգիստ դեմքով բացատրեց, որ մենք կթռնենք նախ Բաքու, որտեղ կիջնեն Բաքու գնացողները, հետո՝ Թբիլիսի:

Մի քանի րոպե լուռ նայում էինք իրար: Հետո ամուսինս հանեց պայուսակից էլեկտրոնային տոմսի նմուշը, վրան ոչ մի խոսք Բաքվի մասին գրված չէր: Գրված էր միայն, թե ժամը քանիսին մենք դուրս կգանք Պրահայի օդանավակայանից և քանիսին կհասնենք Թբիլիսի: Տոմսը գնելուց ոչ ոք մեզ չէր զգուշացրել, որ այդ ինքնաթիռը պետք է մեկնի նախ Ադրբեջան: Եթե անգամ ավիաուղիները իմանալով այն մասին, որ հայը չի կարող մտնել Ադրբեջանի տարածք, առաջնորդվել են այն բանով, որ մենք մնալու ենք ինքնաթիռի մեջ և չենք անցնելու սահմանը, միևնույն է դա նրանց չի արդարացնում: Արադարացնելը դեռ մի կողմ, հիմա պատմեմ, թե ինչ եղավ հետո:

Որոշեցինք ինքնաթիռի մեջ խոսել միայն անգլերեն, որովհետև ամեն կողմից գոնե մեկ ադրբեջանցի կար նստած: Վրացիներն ավելի քիչ էին երևում, քան նրանք: Ամենազավեշտալին այն էր, որ մինչև վերջին պահը չէինք հավատում այդ ամենին, մինչև որ թռիչքը կատարելուց առաջ արվեց հայտարարություն` հարգելի ուղևորներ, մենք 3 ժամ 50 րոպեից վայրեջք կկատարենք Բաքվի օդանավակայանում: Առաջին բանը, որ ասացի ամուսնուս` «ինքնաթիռի մեջ քնել չկա»: Հետո նա ինձ հանգստացրեց: Բայց ես դեռ երկար մտածում էի, թե ինչի՞ համար դա ասացի: Ասածիս պատճառն իհարկե հասկանալի է յուրաքանչյուրի համար, բայց դեռ երկար ժամանակ ուզում էի վերլուծել հոգեվիճակս: Վա՞խ էր, անորոշությո՞ւն, թե՞ ապահովության կոչ, չգիտեմ, բայց մինչև հիմա հանգիստ չի տալիս այն, թե ինչ արագ արեցի այդ արտահայտությունը:

Ինքնաթիռի միակ հայերը մենք էինք, որքան նայեցինք շուրջը՝ մեկ այլ հայ չգտանք: Ամբողջ թռիչքի ընթացքում նայում էինք իրար, մեկ ծիծաղում, մեկ տխրում, մեկ լռում: Չգիտեի նույնիսկ ինչի մասին մտածել, մտքերս այնքան ցրված էին այդ պահին:

Վայրեջքին մնացել էր մի քանի րոպե և մենք ավելի մոտ էինք Բաքվին, վերևից քաղաքն արդեն շատ պարզ երևում էր: Վայրէջք կատարեցինք, հայտարարեցին, որ Ադրբեջան եկողները կարող են իջնել ինքնաթիռից, իսկ մյուսները թող մնան իրենց տեղերում, մենք կթռնենք Թբիլիսի մոտ 40 րոպեից: Եվ այդպես, մենք՝ երկու հայերս, մոտ 40 րոպե անցկացրինք Բաքվում: Չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում, ինչ էի մտածում: Մեկ ասում էի՝ բա որ մի քանի հոգով հիմա մտնեն ինքնաթիռ ու մեզ իջեցնեն, ի՞նչ պետք է անեն այդ դեպքում ինքնաթիռի ընդհանուր թվով մի տասը հոգին, կամ ասենք անսարքություն լինի ինքնաթիռի հետ և մեզ ասեն, որ պետք է բոլորս իջնենք ինքնաթիռից և սպասենք...կամ...կամ: Այդ պահին այնքան «կամ»-եր անցան մտքովս: Լավ է էլի՜, բերել մեզ իջեցրել են իրենց հենց քաղաքի կենտրոնում...

Բոլոր մտքերս ու զգացողություններս արդեն չեմ էլ հիշում, բայց ամենաուժեղը դրանցից երևի ջղայնությունն էր, քան վախը: Ինչու՞ ավիաընկերությունը չի զգուշացրել մեզ այդ անակնկալի մասին: Ինչու՞ մենք թռիչքից 5 րոպե առաջ պիտի իմանայինք, թե որտեղ ենք վայրէջք կատարելու:

Հետաքրքի՞ր է, իրենք գոնե գիտակցո՞ւմ են այն, որ այդ ազգն ընդունակ է անցնել ցանկացած սահման, չնայած այս դեպքում ի՞նչ սահմանի մասին է խոսքը, եթե մենք հենց իրենց մայրաքաղաքի օդանավակայանում էինք, ուր բոլոր աշխատակիցները կարող էին հանգիստ մուտք ու ելք ունենալ, իսկ ինքնաթիռի դռները բաց էին...
Այդպիսով, 40 րոպե սպասելուց հետո, ինքնաթիռ նստեցին ևս մի քանի ադրբեջանցի և մենք թռանք Թբիլիսի: Օդանավակայանում մեզ արդեն սպասում էր վարորդը, որը պետք է հասցներ Երևան: Ու երևի ավելորդ է ասել, թե ինչ եջանկությամբ նրան հայերեն ասացի` բարև ձեզ...»