Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուզում եմ փիղ լինել՝ ուժեղ եւ ծույլ» (տեսանյութ)

Հասարակություն
3cc70dedd77de916a304cdea33b83073

   Ժամանակակից Բրեմենյան երաժիշտներն այսօր նվագեցին երեւանցիների համար՝ արժանանալով նրանց զարմացած հայացքներին, ջերմ ժպիտներին ու ձեռքի թափահարումներին։

Գերմանիայի Բրեմեն քաղաքից ժամանած «Կոնֆուսաո» կառնավալային խումբը նվագում էր երկհարկանի ավտոբուսի վրա, որը Երեւանի կենտրոնից շարժվում էր դեպի կենդանաբանական այգի։ Մինչ այդ խումբը աշխուժացնում էր Ազատության հրապարակից Հանրապետության հրապարակ ընթացող կենդանիների դիմակահանդես-շքերթը։

Արդեն 3-րդ անգամ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը. ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Երեւանի կենդանաբանական այգին կազմակերպում են նմանատիպ հանդես՝ երեխաներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին ակամա ստիպելով ստեղծագործել, թե կենցաղային թափոններից ինչ կարելի է պատրաստել։

Այնթափցի 10 աշակերտները կրիաներ են. նրանց պատյանները պատրաստվել են պլաստմասե շշերից։ Նրանք պատահական չեն ընտրել կրիայի դիմակն այս դիմակահանդեսի համար։ «Դե, իմացել էինք, որ մեր կենդանաբանական այգու կրիան 10 ձագ է ունեցել, մենք էլ 10 հոգի ենք»,- բացատրում է Տաթեւ Մաթեւոսյանը։

Կրիաները ծնվել են երկու ամիս առաջ  եւ հիմա բնակվում են այգու ակվարիումներից մեկում։

Դիմակահանդեսին Տավուշի մարզից արջեր էին եկել։ Վարագավան գյուղի 14-ամյա բնակչուհի Ռիմա Եղիկյանը փորձում է պատկերացնել ՝  ինչ կուզենար մարդկանցից, եթե իրոք արջ լիներ։ «Չվնասեին, ուղղակի թողնեին ապրել»,- ասում է Ռիման, իսկ նրա ընկերները վանկարկում են. «Արջերը մուշտակ չեն»։

«Պաշտպանիր կենդանիների իրավունքները» խորագրով ակցիայի մասնակիցները գիտեն, որ Հայաստանում որոշ կենդանիների ապագան վտանգված է։ Իրենք էլ այսօրվա իրենց կերպարանափոխությամբ փորձում են այդ մասին ահազանգել։

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագահ, Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշում է. «Վայրի բնությունն այն արժեքն է, որը երբեք չես կարող ձեռք բերել, երբ կորցնում ես,  այլեւս հետ վերադարձնել հնարավոր չէ: Դա այն գենոֆոնդն է, որով վաղվա սերունդը պետք է հարուստ լինի»։

Նա վստահ է, որ իրենց կազմակերպած ակցիաները կրթության այն տեսակն են, որը, ցավոք, պակասում է մեր դպրոցներում. « Այն է՝ ինտերակտիվ գաղափարական մոտեցում ունենալ այն երեւույթների նկատմամբ, որոնք վերաբերում են քո տեղանքին, քաղաքին, երկրին»։

Ասում է, որ այս ակցիաներից հետո շատ երեխաներ ստիպում են իրենց ծնողներին պլաստմասե շշերը կենցաղային աղբին չխառնել՝ ոչ միայն  գիտակցումով, որ այդ վտանգավոր է, այլեւ՝ դրանցից նրանք կենդանիներ են պատրաստում։

Որպեսի պլաստմասե շշերը չաղտոտեն մեր բնությունը, ըստ նրա, կա երկու ելք՝ մեկը օրենսդրական խիստ միջոցներն են , մյուսը՝ հասարական գիտակցության բարձրացումը։

Վայրի բնությունից հեռու, ասֆալտի վրա քայլողին՝ պարոն Խաչատրյանը խորհուրդ է տալիս ժամանակ առ ժամանակ այցելել Երեւանի կենդանաբանական այգի,որտեղ այդ արժեքներն են ապրում, թեեւ վանդակներում։

Իսկ գերմանացի երաժիշտները իրենց այսօրվա համերգով ազդարարեցին նաեւ Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի փակումը։ Այգին գրեթե պատրաստ է ձմեռային շրջանին։

Չնայած երաժիշտներից յուրաքանչյուրն այսօրվա դիմակահանդեսում ուներ իր դերը, սակայն «Ա1+»-ը փորձեց ճշտել՝  ինչ կերպար կընտրեին, եթե մասնակցեին իբրեւ երեխա։

«Թռչուն, քանի որ վերեւից է նայում եւ ազատ է»,- ասաց Յանինե Յագին( Janine Jaeggi),ով այս դիմակահանդեսում «Բրեմենյան երաժիշտներ» հեքիաթի աքաղաղին էր մարմնավորում։

Իսկ ահա ավանակի դիմակով Մարթին Զասեն (Martin Sasse) կուզենար լինել փիղ։ «Ուժեղ են եւ ծույլ»,- ծիծաղելով բացատրում է նա։

Երաժիշտը նկատում է, որ այս դիմակահանդեսը լավագույն ուղին է երեխաներին սովորեցնելու պահպանել բնությունը՝ «լուրջ խնդիրները հրամցնելով զվարճանքի միջոցով»։

Ընդհանրապես, ընդունելով, որ ցանկացած ոճի երաժշտություն բնության ծնունդ է, բրեմենյան երաժիշտները գտնում են, որ իրենցն ամենավայրինն է:

«Թմբուկինը շա՜տ էմոցիոնալ է»-ասում է Յանինե Յագին, ով «Ա1+»-ի հետ զրույցից րոպեներ առաջ իր ընկերների հետ հայ երեխաներին պարեցնում էր  հարվածային երաժշտության տակ։