Բժիշկը երբեք չպետք է իմանա գումարի չափը
Հասարակության շուրջ 1/3-ը դժգոհ է առողջապահական ծառայություններից։ Թեև ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դեռ 4 ամիս է, ինչ ստանձնել է նախարարի պաշտոնը, արդեն պարզել է, որ ազգաբնակչության դժգոհությունը պայմանավորված է ինչպես բուժհաստատությունների սպասարկումից և բուժման որակից, այնպես էլ բուժման գներից։
«Ոլորտում լուրջ խնդիրներ կան։ Բժիշկ- հիվանդ հարաբերություններում ինչ-որ բան խախտվել է։ Բժիշկը երբեք չպետք է իմանա, թե հիվանդը գումար վճարել է, թե ոչ»,- ասաց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հոկտեմբերի 20-21-ը Աղվերանում կազմակերպված առողջապահության վերաբերյալ սեմինարի ժամանակ։
Ըստ նախարարի՝սա ադմինիստրատիվ հարց է, որն անհապաղ լուծում է պահանջում։ «Շատ խնդիրներ, ինչպես օրինակ հիվանդից գումար վերցնելու սովորությունը, գալիս է դեռ Խորհրդային միությունից։ Սա մեկ օրվա հարց չի»,- կարծում է նախարարը։ Առողջապահության ոլորտի այս թերություններն, ըստ Դերենիկ Դումանյանի, պայմանավորված է բժիշկների ցածր աշխատավարձով։ Բժշկի միջին աշխատավարձը կազմում է 80 000 դրամ, սակայն նախարարի համար առաջնահերթ խնդիրը բուժքույրերի և սանիտարների նվազագույն աշխատավարձի բարձրացումն է։
Նախարարը գիտի, որ ինսուլինը չի բավարարում
Ինսուլինը չի բավարարում դիաբետով բոլոր հիվանդներին։ Ինսուլինն այն դեղերից է, որը պետությունն ինքն է տրամադրում հիվանդներին։ «Մեր հաշվարկները չեն ընդգրկում ողջ հիվանդներին։ Օրինակ անցած տարի որոշակի գումար էր ավելացել, և ինսուլին էինք գնել, բայց այդ տարի ազգաբնակչության ինսուլինային բավարարվածությունը կազմել է 93%»,- ասաց նախարարը։
Եթե ողջ աշխարհում շաքարախտով հիվանդների թիվը կրկնապատկվում է, ապա Հայաստանում այս հիվանդների թիվը վերջին 10 տարվա ընթացքում մնացել է նույնը՝ 40 000։
Որոշակի սոցիալական խմբեր իրենց պոլիկլինիկաներից անվճար դեղեր են ստանում։ Այս հարցում, ըստ առողջապահության նախարարի, ևս սխալ մոտեցում կա։
«Եթե հիվանդը եկավ, նա ինչ դեղ ուզում է, դեղատունը, որը պայմանավորվածություն ունի այդ պոլիկլինիկայի հետ, պետք է տա, եթե նույնիսկ այդ դեղը կապ չունի նրա հիվանդության հետ։ Գալիս են նույնիսկ իրենց հարևանների համար են ստանում»,- ասաց Առողջապահության նախարարը։
Այս ամենից այսուհետ խուսափելու համար Առողջապահության նախարարությունը նոր կարգ է մշակել։ Ըստ դրա՝ այդ դեղերը կարող են ստանալ միայն այն մարդիկ, ովքեր դրա կարիքն իրոք ունեն։ «Այս մասին Կառավարության որոշման նախագիծն արդեն պատրաստել ենք, և արդեն մի ամիս է շրջանառության մեջ է»,- ասաց Դերենիկ Դումանյանը։