Հայաստանում քիմիաթերապիան կաղում է
Կրծքագեղձերը ստուգելու համար 25 տարեկանից հետո կինը 6 ամիսը մեկ պետք է դիմի բժշկի , 40 տարեկանից հետո պետք է անպայման ուլտրաձայնային հետազոտություն անցնի։
«Շատ հաճախ ժամանակին բացահայտված քաղցկեղը հնարավոր է լինում կանխել և անցկացնել լիարժեք բուժման կուրս»,- հայ կանանց խորհուրդ է տալիս Հայդելբերգի համալսարանական կլինիկայի կանանց առողջության կենտրոնի ղեկավար դոկտոր-պրոֆեսոր Քրիստոֆ Զունը։
Հայ-ամերիկյան առողջության բժշկական կենտրոնում բժիշկը դասախոսություն կարդաց կրծքագեղձի քաղցկեղի ու այն ժամանակին կանխարգելելու միջոցների մասին: Դահլիճում ազատ տեղ չկար։ Դասախոսությանը ներկա էին ոչ միայն բժիշկներ, այլ նաև բազմաթիվ հիվանդներ, սովորական քաղաքացիներ։
Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկային խմբի մեջ են մտնում, հատկապես, նրանք ում ընտանիքում արդեն նման դեպք է եղել,ինչպես նաև ծանր քաշ ունեցող,ծխախոտը և ալկոհոլը չարաշահող կանայք։
Պրոֆեսոր Զունը 2 ամիսը մեկ Հայաստան է գալիս, քանի որ ինչպես ինքն է ասում իրեն դուր է գալիս Հայաստանի հետ համագործակցությունը, նա բուժման ողջ կուրսի ընթացքում թեկուզ հեռակա հետևում է հիվանդի ապաքինման գորընթացին։
«Վիրահատությունից հետո հատկապես հարկավոր է, որ հիվանդը նորմալ քիմիաթերապիայի կուրս անցնի։ Սակայն, ցավոք սրտի, Հայաստանում անցկացվող քիմիաթերապիան չի համապատասխանում Եվրոպական չափանիշներին», «Ա1+»-ին ասաց նա։
Պրոֆեսորը նշեց նաև որ աշխարհում այս հիվանդությամբ կանանց շուրջ 60 տոկոսը տառապում է հենց կրծքագեղձի քաղցկեղով: Ըստ նրա՝ Հայաստանում վիճակն առանձնապես տարբեր չէ։