Բնապահպանները կոշտ դիրքորոշում կհայտնեն
Բնապահպանները հետամուտ են լինելու, որպեսզի «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի խնդիրներով ստեղծված հանձնաժողովը ծառայի իր նպատակին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեցին ՀԷԿ-ի խնդիրներով մտահոգ բնապահպանները եւ Գետահովիտ գյուղի բնակիչները։ ՀԷԿը կառուցվելու է հենց այս գյուղում
Բնապահապանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովում բնապահպան-ակտիվիստները չեն տեսնում այն մասնագետներին, որոնք իրականում պետք է լինեին։ Բնապահպան-իրավաբան Մերի Խաչատրյանը վստահեցրեց՝ եթե հանձնաժողովի աշխատանքներն իրենց չբավարարեն, ապա իրենք հայտնելու են իրենց կոշտ դիրքորոշումը։
Նշենք, որ հանձնաժողովի աշխատանքները սկսվել են հոկտեմբերի 16-ին եւ կամփոփվեն հոկտեմբերի 26-ին։
Գետահովիտ գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը տեղեկացրեց, որ ամբողջ գյուղը դեմ է այս փոքր ՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ այն գյուղացիներին բացի վնասից, օգուտ չի կարող տալ։ «Խաչաղբյուր 1»-ի շահագործումից հետո գյուղում սողանքները 20 անգամ ավելացել են, նույնիսկ անասուններն են գլորվում գետը»,- տեղեկացրեց նա։
Բնապահպան Լեւոն Գալստյանն էլ նշեց, որ 2 օր առաջ են եղել ՀԷԿ-երի տարածքում եւ տեսել, որ 100-ից ավելի ծառ է հատվել։
Ի դեպ, այսօրվա բանախոսները նշեցին նաեւ, որ «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի կառուցման դեպքում Իջեւանի խմելու ջրի հարցը խնդրահարույց է դառնալու։