«Գողը միշտ չէ, որ պետք է պատժվի»
Քիչ ժամկետով դատապարտյալները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են և գողության կամ այլ հանցագործության են դիմում կարիքից դրդված: Այս մասին այսօր լրագրողներիր հետ հանդիպմանը նշեց «Մարդն անազատության մեջ» համահայկական բարեգործական միություն ՀԿ-ի գործադիր տնօրեն, Հանրային խորհդի անդամ Դոնարա Ալեքսանյանը:
«Կարծում եմ, որ անապահով ընտանիքի մարդկանց, ովքեր փոքր չափի գողություն են կատարում պետք չէ դատապարտել անազատության: Կարելի է սկզբում տուգանքներ նշանակել, քանի որ նրանք ընտանիքների միակ աշխատույժն են»,-ասաց նա։
Դոնարա Ալեքսանյանը ՔԿՀ-ներում եղել է շատ քիչ։ Ըստ նրա՝ դժվարությամբ է թույլտվություն ստանում մուտք գործելու համապատասխան կառույցներից։
Սակայն , նրա հավաստմամբ՝ բանտերում խնդիրները շատ են, որոնցից առաջնայինը բանտախցերի գերբնակեցումն է. «Բանտարկյալները հերթով են քնում, քանի որ բանտախցերը քիչ են իսկ բանտարկյալները` շատ: Այն, որ մարդիկ ոտքի վրա կանգնում են և սպասում , որ արթնանա իր ընկերը արդեն մարդու իրավունքների խախտում է»:
Ըստ Դոնարա Ալեքսանյանի՝ դատապարտյալը պետք է ինքը բաձրաձայնի այդ խնդիրների մասին, սակայն նրանք վախենում են . « Նրանք գիտեն, որ եթե խոսեն, իրենց հետ վատ կվարվեն և վրեժխնդիր կլինեն»:
«Բանտախցերում համակարգիչներ են տրմադրում, արհեստներ են սովորեցնում, սակայն բանտարկյալներին դրսում ոչ - ոք գործի չի ընդունում»,- հավելում է նա։
Անդրադառնալով կին դատապարտյալներին՝ ՀԿ-ի տնօրենը նշեց, որ նրանք, ովքեր քիչ ժամանակով են մնում բանտում, ձեռք են բերում վատ սովորություններ և շուտով նորից հայտնվում են բանտում: