Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սարյանին պաշտպանող չկա» (տեսանյութ)

Հասարակություն
1eea1de800415fee302ac59a98e6f5fd

Նոյեմբերի 26-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կնշի իր հիմնադրման 45 ամյակը: Այս հոբելյանը նշվելու է ՝ մի շարք խնդիրներ չհաղթահարած։

Սերժ Սարգսյանը խոստացել է նորոգել անվանի նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը: Սակայն առայժմ ֆինանսավորման հայտ չկա։

«Հիմնական մեր խնդիրը շենքի, նկարների պահպանության հարցն է, որովհետև մենք մեծ ծավալով իրականացնում ենք վերականգնողական աշխատանքներ։
Նկարները շատ են վնասվել, քանի որ մինչեւ 2010թ, այսինքն՝ վերջին քսան տարվա ընթացքում ջեռուցում չկար թանգարանում»,- ասում է թանգարանի տնօրեն, գեղանկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը։

Մ. Սարյանի տուն-թանգարանում են պահվում վարպետի շուրջ 255 ստեղծագործություններ, որոնցից միայն կեսն է ցուցադրվում:

Տիկին Սարյանը ցավով է նշում, որ նկարչի կտավներին մեր քաղաքացիները ծանոթ չեն, անգամ չգիտեն, թե որտեղ է գտնվում։

«Դա, կներեք, քաղաքային իշխանություների հարցն է: Ես բազում նամակներ են ուղարկել, որ դա նորմալ չէ, որ թանգարանները չունեն ցուցանակներ»,- ասում է տնօրենը։

Մինչդեռ Սարյանի կտավները շարունակում են ցուցադրվել աշխարհի տարբեր երկրներում: Վերջերս դրանք ցուցադրվել են Ուլյանովսկ քաղաքում՝ «Պլաստովյան աշուն» խորագրի ներքո:

Տնօրենին մտահոգում է նաև այն, որ արտերկրում հայտնվում են Սարյանի՝ իրականում կեղծ ստեղծագործությունները:

Լինում են նաև դեպքեր, երբ Սարյանի կտավներից որև է մեկն առանց վարպետի իրավահաջորդների հետ համաձայնության հայտնվում է հայկական այս կամ այն ընկերության ապրանքատեսակի վրա:

«Սարյանին պաշտպանող չկա»- ասում է նա։