Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիրքը կալանքի տակ են առել (տեսանյութ)

Հասարակություն
74e0e833e849a11238c28b01ee4167a7

Գրականագետ Դավիթ Գասպարյանի կողմից հրատարակված «Գիրք Մնացորդաց» գիրքը, որտեղ տեղ են գտել Եղիշե Չարենցի անտիպ բանաստեղծությունները, արգելանքի տակ է։ Բանաստեղծի դուստրը՝ Անահիտ Չարենցը, չի ցանկանում, որ այն տարածվի հասարակության մեջ։

«Մշակույթի նախարարությունում նիստ է եղել և որոշվել է գիրքը կալանքի տակ առնել, որովհետև Անահիտ Չարենցը կամակ է գրել նախագահին և դժգոհել է ներածության մեջ եղած ինչ-ինչ բաներից»,- այսօր լրագրողներին ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը։

Նրա խոսքերով՝ նամակում նշված չէ, թե կոնկրետ ներածության մեջ տեղ գտած որ հատվածի կամ նախադասության մասին է խոսքը։ «Ես էլ չեմ փորձել պատճառն իմանալ։ Նամակը գրելուց մի շաբաթ առաջ Գյումրիում Չարենցի կիսանդրու բացումն էր։ Ընտիր քեֆ ենք արել՝ նրան փառաբանելով։ Եթե բան ուներ ասելու, ինչու հենց այնտեղ չասաց։ Ոնց որ դանակը խրեին թիկունքս»,- վրդովվում է գրականագետը։

Ի պատասխան Անահիտ Չարենցի նամակի՝ գրքի հեղինակը նույնպես նամակ է ուղղել Սերժ Սարգսյանին՝ հորդորելով գիրքն արգելանքից հանել։ «Սա գիտական հրատարակություն է՝ զանգվածային չէ։ Մտավորական մարդը սա գոնե չունենա՞ իր ձեռքին»,- ասաց Դավիթ Գասպարյանը։ Գրականագետը չի ընդունում որոշ մտավորականների այն դիտարկումը, թե նախաբանում կան հատվածներ, որտեղ վիրավուրված են Ռեգինա Ղազարյանի և Եղիշե Չարենցի անձերը։

«Չարենցը պատկանում է հոգեպես անհավասարակշիռ անձանց թվին»,- այս նախադասությունը վիճարահարույց տողերից մեկն է։ «Սա մեջբերում է, ես չեն գրել։ Սա բժիշկների եզրակացությունն է»,- ասաց Դավիթ Գասպարյանը։

«Գիրք Մնացորդացը» հրատարակվել է պետական պատվերով՝ ընդամենը 500 օրինակ։ Եթե գիրքը արգելանքից դուրս չհանեն, գրականագետը առանց նույնիսկ բառ փոխելու այն նորից կհրատարակի՝ այս անգամ իր միջոցներով։