Քաղցկեղով հիվանդների համար կայք կստեղծվի
Քաղցկեղով հիվանդներին օգնելու համար կստեղծվի վիրտուալ մի հարթակ, որտեղ կտեղադրվի տեղեկատվություն այդ մարդկանց ն մասին։
Սա բարեգործական նախաձեռնություն է, որը կոչվում է «Ես քեզ, դու՝ ուրիշին»։ Հիմնադիրներն ասում են՝ որ սրա համար հիմք է դարձել Ֆեյսբուք սոցիալական ցանցում հաճախ հրապարակվող հայտարարությունները տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց ֆինանսապես աջակցելու մասին։
«Որպեսզի այդ նախաձեռնությունները մեկ միասնական հարթակի միջոցով տարածվեն և ավելի կազմակերպված բնույթ ստանան, փորձում ենք ստեղծել մի կայք, որը մոտ 2 շաբաթից արդեն պատրաստ կլինի»,- ասաց «Ես քեզ, դու՝ ուրիշին» նախաձեռնության հիմնադիրներից իրավաբան Արմեն Մարտիրոսյանը։
Կայքում հիվանդի մասին ինֆորմացիան տեղադրելու համար՝ հիվանդը կամ նրա հարազատները պետք է դիմեն նախաձեռնության անդամներին։ Վերջիններս բժիշկների և համապատասխան մասնագետների հետ քննարկելուց և տվյալ հիվանդի մասին ամբողջական տվյալներն ունենալուց հետո միայն նրա մասին կպատրաստեն տեսանյութ, լուսանկարներ և տեքստ՝ կայքում տեղադրելու համար։
Կայքում կտեղադրվի ինֆորմացիա միայն քաղցկեղով հիվանդ այն մարդկանց մասին, ում կյանքը դեռևս հնարավոր է փրկել։
«Հնարավոր է, որ մեկ ամսվա ընթացքում ընդամենը 4 դեպքի մասին հրապարակում կատարենք։ Նախապատվությունն առաջին հերթին տրվելու է երեխաներին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Հիմնադիրները չեն բացառում, որ հետագայում կայքում ինֆորմացիա տեղադրվի նաև այլ հիվանդություններ ունեցող անձանց մասին։
Այս պահին «Ես քեզ, դու՝ ուրիշին» բարեգործական նախաձեռնությունը ֆինանսներ չունի, սակայն ակնկալում են ինչպես տարբեր կազմակերպությունների, այնպես էլ Առողջապահության նախարարության աջակցությունը։
«Ես քեզ, դու՝ ուրիշին» բարեգործական նախաձեռնության հիմքում ընկած է «Pay it forward» ֆիլմի գաղափարախոսությունը, ըստ որի՝ այն մարդը, ում օգնել են, պետք է օգնի այլ երեք հոգու, ով աջակցության կարիք ունի։