Դատախազ. Դավիթին՝ պայմանական, Տիգրանին՝ 6 տարի
Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներից միայն Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ ազատազրկումը չպետք է կիրառել։
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատախազ Հակոբ Մարտիրոսյանը կրկնեց առաջին ատյանի դատարանում ներկայացրած իր դիրքորոշումը Դավիթ Քիրամիջյանին պայմանական ազատազրկման դատապարտելու մասին:
Ընդհանուր իրավասության դատարանը Դավիթին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման՝ խուլիգանության մեղադրանքով ։
ՀԱԿ երիտասարդներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատավարությանը մեղադրողը համոզում էր, որ վերաքննիչ բողոքները հիմնավորված չեն և չեն բխում գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներից:
Մեղադրողը առաջին ատյանի դատարանի բացթողումն է համարում, որ Արտակ Կարապետյանի պարագայում հաշվի չի առնվել, որ նրա խնամքի տակ են 2 անչափահաս երեխաներ:
Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանի պատժաչափին 6 տարվա ազատազրկմանը, ապա մեղադրողը այդ համարժեք է գնահատում նրա արարքին։ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Տիգրան Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ։
«Մեղադրողը շատ ծավալուն կերպով պատրաստել էր նյութ, որը խայտառակում էր թե դատախազությանը, եւ թե դատարաններին »,- դատախազի ելույթն այսպես գնահատեց ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը։
Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 2-ին, ժամը 13.00-ին:
Այդ նիստի ժամանակ հայտարարությամբ հանդես կգա երիտասարդների փաստաբան Վահե Գրիգորյանը:
ՀԱԿ երիտասարդները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի գործով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ
ՀԱԿ երիտասարդների ներկայացուցիչները պահանջում են բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ: