Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիայից հետո նախարարը դադարեցրեց շինարարությունը (տեսանյութ)

Հասարակություն
8538fcb85758280a8011309784c55b28

Մի խումբ բնապահպաններ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչների հետ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Բնապահպանության նախարարության շենքի մոտ: Նրանք պահանջում էին դադարեցնել համայնքի Պաղջուր գետի վրա կառուցվող եւս մեկ` «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի շինարարությունը:

Բողոքի ակցիայի մասնակիցների վստահեցմամբ՝ այդ ՀԷԿ-ի կառուցմամբ խաթարվում է էկոհամակարգը: Բողոքի ակցիայի մասնակիցներին քիչ անց ընդունեց նախարար Արամ Հարությունյանը, սակայն նրա հետ հանդիպումը մի փոքր ձգձգվեց, քանի որ ակցիայի մասնակիցների մի մասին թույլ չէին տալիս բարձրանալ նախարարի ընդունարան: Արդյունքում նրանք որոշեցին ընդհանրապես մերժել նախարարի հետ հանդիպման առաջարկը, սակայն Բնապահպանության փոխնախարարներից մեկն իջավ ներքեւ եւ անձամբ ուղեկցեց բողոքի ակցիայի մասնակիցներին նախարարի մոտ:

Նախարար Հարությունյանը վստահեցրեց, որ քննարկման ժամանակ ինքը կփորձի հարցեր տալ ի նպաստ համայնքի բնակիչների ու բնապահպան ակտիվիստների: Նախարարի հետ հանդիպմանը ներկա էին նաեւ ՀԷԿ-ի կառուցապատողները:

Արամ Հարությունյանի առաջին հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք անցկացվե՞լ են հանրային լսումներ մինչ ՀԷԿ-ի կառուցումը: Պարզվեց՝ լսումներ անցկացվել են, սակայն Ենոքավան համայնքում, քանի որ նա է ճանաչվել շահառու:
Գետահովիտի բնակիչներն ընդվզեցին, որ Ենոքավանում հնարավոր չէ ՀԷԿ կառուցել, քանի որ «այնտեղ ընդամենը մի զույգ ժայռ է, իսկ գետը, որի վրա պետք է կառուցվի ՀԷԿ-ը, անցնում է Գետահովիտի ու Ենոքավանի վարչական սահմաններով»: Ի դեպ, Ենոքավանից բնակիչներ չէին եկել ոչ բողոքի ակցիային, ոչ էլ նախարարի հետ հանդիպմանը:
Արամ Հարությունյանի մյուս հարցը վերաբերում էր շինարարական կազմակերպությանը՝ «Մեգա Էներջի»-ին, թե արդյոք նա ունի համապատասխան շինթույլտվություն: Շինկազմակերպությունն անմիջապես ներկայացրեց համապատասխան թույլտվությունը, որին հակադրվեցին բնապահպանների ու Գետահովիտի բնակիչները՝ նշելով, որ այն որեւէ փորձաքննությու չի անցել:

«Անցկացնելու ենք ուսումնասիրություններ ու խախտումների հայտնաբերման դեպքում խստագույն կպատժվի շինկազմակերպությունը: Այս պահին ես պահանջում եմ դադարեցնել շինաշխատանքները, ու եթե ձեր իրավունքները՝ որպես կառուցապատող, խախտվել են, ապա դուք կարող եք դատական կարգով վիճարկել: Տաս օր ժամանակ եմ տալիս բոլոր հարցերը պարզելու համար, ու այս խնդրի հանգուցալուծումը հասցնել ավարտին»,- հայտարարեց նախարարը:
Իսկ բնապահպաններն հայտարարեցին, որ եթե ուսումանսիրությունների արդյունքներն իրենց չբավարարեն, ապա իրենք կշարունակեն բողոքի ակցիաները: