Բացիկ եւ շապիկ՝ արյան դիմաց (տեսանյութ)
Արուսիկ Մկրտչյանը, բոլորին հայտնի DJ Վակցինան. առաջին անգամ չէ, որ կամավոր արյուն է հանձնում:
Այսօր արյունատվությունը հատուկ երեխաների համար էր։
«Այս արյունն «Դարձիր հերոս, նվիրիր արյուն» ակցիայի շրջանակներում տրամադրվելու է լեյկոզով հիվանդ երեխաներին կամ այն մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով արյան կարիք ունեն»,- ասաց նա։
Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կա բացասական խմբերի արյան պահանջարկ։ Արյունաբանական կենտրոնի տնօրենի խոսքերով, դա պայմանավորված է նրանով, որ ազգաբնակչությունը ծերանում է:
«Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հազար բնակչից արյան դոնորներ լինեն 40-ը: ՀՀ-ում այդ թիվը 20 անգամ պակաս է»,- ասաց Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը։
Տղամարդիկ արյուն կարող են հանձնել տարին 5 անգամ, իսկ կանայք` 4:
Ի դեպ, այսօրվա ակցիայի շրջանակներում դոնոր դառնալու համար պարտադիր էր իգական սեռի ներկայացուցիչների համար 55 կգ, իսկ տղամարդկանց համար 65կգ քաշը, վերջին 6ամսվա ընթացքում 1ամիս և ավելի տևողությամբ Հայաստանից բացակայած չլինելը, այս դեպքում ըստ կազմակերպիչների՝ «հնարավոր վիրուսի փոխանցումը կանխելու համար»։
Այսօրվա «Դարձիր հերոս, նվիրիր արյուն» կարգախոսով ակցիայի կազմակերպիչներն ի նշան երախտագիտության խորհրդանշական շապիկներ եւ բացիկներ նվիրեցին դոնորներին:
«Այս բացիկն, իրոք, շատ ազդեցիկ է, երեխան իր ձեռքով նկարել է, թե ինչպես են իրեն արյուն փոխներարկում»,- ասաց DJ Վակցինան։